Նոր Հաճնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ականն ու անկուսակցականը
Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված թեկնածուներից ոմանք ինքնաբացարկ են հայտնել:
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններին առաջադրված երեք թեկնածուներից հետագա ընտրապայքարից հրաժարվել է ինքնաառաջադրված անկուսակցական, Նոր Հաճնի քաղաքապետարանի աշխատակից Հովհաննես Ադամյանը: Այսպիսով՝ քաղաքապետի պաշտոնին հավակնում են գրանցված երկու թեկնածուներ՝ 2009թ.-ից գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Շուշանիկ Նազարյանը:
Արմավիրի Վարդանաշեն գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններին ինքնաառաջադրված 5 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Կարեն Հովհաննիսյանը: Գյուղապետի թեկնածուներ են գրանցվել մնացած 4 թեկնածուները՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանուկյանը, նրա կուսակից Հայկ Սահակյանը և անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանը, Գրիգոր Սահակյանը:
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գյուղապետի ընտրություններին առաջադրված 3 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Հայկ Մովսիսյանը: Գյուղապետի թեկնածուներ են գրացվաել ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Վարդիթեր Գասպարյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Սարգիս Սարգսյանը:
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գյուղապետի ընտրություններին գրանցվել են ինքնաառաջադրված 2 թեկնածուները՝ գործող գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Գևորգյանը և անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը:
Լոռու մարզի Լեջան գյուղական համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին գրանցվել են առաջադրված ավագանու 6 թեկնածուները՝ 5 ՀՀԿ-ականներ և մեկ ՕԵԿ-ական:
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ավագանու ընտրություններին գրանցվել են ինքնաառաջադրված 10 թեկնածուներ, որոնցից 5-ը՝ ՀՀԿ անդամներ, 5-ը՝ անկուսակցականներ:
Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ավագանու ընտրություններին նախապես առաջադրված 7 թեկնածուներից գրանցվել են 6-ը՝ 5 անկուսակցականներ և մեկ ԲՀԿ-ական: Նախապես առաջադրված ՀՀԿ-ական մեկ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել մինչև գրանցումը:
Մայիսի 26-ին այս համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գրանցված թեկնածուներն ինքնաբացարկի իրավունքից կարող են օգտվել մինչև մայիսի 16-ի ժամը 18-ը: