Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «Ընդհանուր դատարանների մասին» օրենքի փոփոխման վրա նախագահի դրած վետոն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ տեղի ունեցած լիագումար նիստում հաղթահարել է «Ընդհանուր դատարանների մասին» օրենքի վրա նախորդ շաբաթ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դրած վետոն:
Այդ օրենքն առնչվում է Արդարադատության բարձրագույն խորհրդի կոմպլեկտավորմանը: Նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր ստանալ խորհրդարանի փաստացի կազմի քվեների 3/5-ը: Վետոյի հաղթահարման օգտին քվեարկել է 91 պատգամավոր, իսկ դեմ 26-ը:
Պատգամավորների ընդհանուր քանակը կազմում է 147 պատգամավոր (ևս երեք տեղ թափուր է մնացել մինչև ապրիլի 27-ին տեղի ունեցած խորհրդարանական միջանկյալ ընտրությունների արդյունքների հրապարակումը):
«Ընդհանուր դատարանների մասին» օրենքում ուղղումներ էին մտցվել ապրիլի սկզբին, որոնք նախատեսում էին գործող Արդարադատության բարձրագույն խորհրդի գրեթե բոլոր անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցում:
Օրինագիծը փոխում է խորհրդի կազմավորման կարգը: Գործող օրենսդրությամբ Արդարադատության բարձրագույն խորհուրդը բաղկացած է 15 անդամից, այն գլխավորում է Վրաստանի Գերագույն դատարանի նախագահը: Բացի նրանից, խորհրդի մնացյալ անդամներն ընտրվում են քառամյա ժամկետով:
Ընդ որում, նրանցից երկուսին նշանակում է նախագահը, ևս չորսին՝ պատգամավորները: Խորհրդի մնացյալ 8 անդամին նշանակում է Դատավորների համաժողովը: Նոր օրինագիծը չի ենթադրում նախագահի ու պատգամավորների կողմից խորհրդի անդամների նշանակում:
Խորհրդարանն այդ վեց անդամին նշանակելու է իրավական շրջանակների ու հասարակական կազմակերպությունների ներկայացրած թեկնածուներից: Մնացյալ 8-ին նախկինի պես ընտրելու է Դատավորների համաժողովը: