
Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ. Արարատ Միրզոյան

«Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողությունները արդիականացնելն է, պաշտպանական համակարգը որպես ամբողջություն արդիականացնելը, և ոչ միայն Հնդկաստանից, այլև այլ տեղերից ներկրված սարքավորումները միտված են ավելի լավ պաշտպանական կարողություններով ավելի լավ բանակի ունենալուն: Հայաստանը չունի որևէ ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ»: Այս մասին Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Արարատ Միրզոյանը։
Հարցին, թե այժմ ինչպե՞ս է նախատեսվում օգտագործել Չաբահարի նավահանգիստը՝ աշխարհի և Հնդկաստանի հետ ավելի լայն կապ ապահովելու համար, Միրզոյանը պատասխանել է.
Ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը նույնպես անում է առավելագույնը՝ ունենալու կամ խթանելու իր լոգիստիկ ուղիները՝ դառնալու համաշխարհային տարանցիկ ճանապարհների մաս։ Եվ այս առումով նոր հնարավորությունների ուսումնասիրությունը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Ավելին, մենք հանդես ենք եկել մեր սեփական նախաձեռնությամբ՝ «Խաղաղության խաչմերուկով», որը, նախ և առաջ, նախատեսում է Հարավային Կովկասի բոլոր տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը, բայց նաև այս նախաձեռնությունը դուրս է գալիս Հարավային Կովկասի շրջանակներից, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրա իրականացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի երեք երկրների վրա։ Ուստի, մենք հետաքրքրված ենք նոր տարանցիկ ուղիների ուսումնասիրությամբ՝ ներառյալ նավահանգիստները, երկաթուղիները, էլեկտրականության և ինտերնետային մալուխները և այլն»:
Նա նշել է, որ դա իրականացնելու համար Հայաստանն առաջին հերթին կենտրոնանում է հարևանների՝ ներառյալ Ադրբեջանի հետ բանակցությունների վրա։
«Մենք ներկայացրել ենք փոխշահավետ առաջարկ, որը ձեռնտու է երկու երկրներին։ Միաժամանակ, շարունակում ենք բանակցությունները Թուրքիայի հետ սահմանների բացման և մեր երկաթուղային ենթակառուցվածքի վերագործարկման շուրջ, ինչը կապահովի Հայաստանի կապը Թուրքիայի հետ։ Այսպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում մենք դիտարկում ենք ոչ միայն Հյուսիս-Հարավ, այլև Արևմուտք-Արևելք, կամ եթե կուզեք՝ Արևելք-Արևմուտք, ուղղությունը։
Կրկին, եթե այս նախագիծն իրականացվի, այն շահավետ կլինի բազմաթիվ միջազգային դերակատարների համար»,–ասել է նա։