
ԱՄՆ-ում 4-ամյա տղան զանգահարել է ոստիկանություն և պահանջել է «բռնել» իր մայրիկին

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 4-ամյա տղան որոշել է պատժել իր մայրիկին, ով կերել էր իր պաղպաղակը։ Նա զանգահարել է 911 ծառայություն և բողոքել է իր մայրիկից՝ ասելով. «Մայրիկս իրեն վատ է պահում»:
Ըստ CNN-ի, ծառայության հեռախոսավարուհու հարցին, թե ինչ է պատահել, տղան պատասխանել է. «Եկեք՝ բռնեք մայրիկիս»:
Մայրն այդ պահին հասցրել է հեռախոսը վերցնել երեխայի ձեռքից և ասել, որ նա ընդամենը 4 տարեկան է ու բարկացել է կերած պաղպաղակի պատճառով: Սակայն ոստիկաններն մեկնել էլ նրանց տուն՝ պարզելու՝ արդյո՞ք լուրջ պատճառ կա, որ երեխան զանգահարել է 911:
Երեխան ոստիկանների մոտ կրկին պնդել է, որ մայրը կերել է իր պաղպաղակը և պահանջել է նրան բանտ տանել:
Ոստիկաններին մի կերպ հաջողվել է համոզել երեխային, որ նա իր բողոքը չպնդի. երեխան, ի վերջո, համաձայնել է՝ ասելով, թե չի ցանկանում, որ իր մայրը ճաղերի ետևում հայտնվի և իր ուզածն ընդամենը պաղպաղակ է։
Երկու օր անց ոստիկանները նրա համար պաղպաղակ են գնել՝ վրան կապույտ ձողիկներով։