Բաժիններ՝

Պերուի նախկին նախագահ Կաստիլիոն հացադուլ է հայտարարել բանտում

Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլիոն, որը գտնվում է բանտում խռովության կազմակերպման մեղադրանքով, հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իր նկատմամբ դատավարության դեմ։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել X սոցիալական հարթակի նրա էջում։

«Ի նշան բողոքի քաղաքականացված դատավարության և խռովության ու այլ հանցագործությունների գործով պատրաստվող դատավճռի դեմ, որոնք ես չեմ կատարել, ես հացադուլ եմ հայտարարում», – գրված է հաղորդագրության մեջ։

Գրությանը կցված է ձեռագիր նամակի լուսանկարը՝ նմանատիպ հայտարարությամբ, որտեղ նաև դրված է Կաստիլիոյի փաստաբանի ստորագրությունը։ Այդ տեքստում նախկին նախագահն իր հետ կատարվածն անվանում է անարդարություն։

Պերուի նախկին ղեկավարը հացադուլ է հայտարարել իր գործով լսումների սկսվելուց մեկ շաբաթ անց։

2022 թ. դեկտեմբերի 7-ին Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցնող Կաստիլիոն հայտարարել էր Կոնգրեսի (միապալատ խորհրդարանի) արձակման  և պարետային ժամի սահմանման մասին։ Նա ուղերձով հանդես էր եկել խորհրդարանի նիստից առաջ, որտեղ քննարկվում էր նրա իմփիչմենթի հարցը կոռուպցիայի մեղադրանքի պատճառով:

Պատգամավորները չեն չեղարկել քվեարկությունը և հավանություն են տվել նախագահին իր լիազորություններից զրկելուն։ Զինված ուժերն ու ոստիկանությունն աջակցել են Կոնգրեսին։ Կաստիլիոն ձերբակալվել է խռովության կազմակերպման մեղադրանքով, դատախազությունը նրա համար պահանջել է 34 տարվա ազատազրկում։ Պետության ղեկավար է դարձել Դինա Բոլուարտեն, որն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս