Վահագն Խաչատրյան. Այս ընտրությունները պետք է լինեն քաղաքական ընտրություններ և իշխանությունը վերցնելու վերջին փորձ

«Ես Երևանի քաղաքացի եմ, ձեզնից մեկը՝ ոչ ավել, ոչ պակաս, դրանով եմ հպարտանում, երևանցի եմ իմ ուղնուծուծով, երևանցիներին հարգելով, սիրելով: Ես միշտ խուսափել եմ որևէ մեկին գնահատական տալ, հատկապես քաղաքապետին, որովհետև ծանր աշխատանք է, ավելի քան վարչապետի աշխատանքը: Բայց, ցավոք սրտի, այս իշխանությունների համար մենք գոյություն չունենք»,- քիչ առաջ ՀԱԿ կուսակցության հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը:

Վերջինիս կարծիքով՝ իշխանությունները հասկանում են, որ աշխատել են և ոչինչ չեն տվել. «Երևանը դարձել է ավելի կեղտոտ, անհարմարավետ, գնալով ավելի են պակասում կանաչ տարածքները, զբոսայգիները»:

«Ոչ միայն մեզ, այլև ոչ իշխանական ուժերի համար այս ընրությունները պետք է լինեն քաղաքական ընտրություններ և իշխանությունը վերցնելու վերջին փորձ: Երբ փորձում եք համեմատել Երևանը հանրապետության հետ, նույնն է, նույն անտեր վիճակը: Իշխանություն չկա, կա քաղաքացի, ով փորձում է իր հոգսերը մի կերպ լուծել, եթե չի ստացվում նեղացած լքում է երկիրը և ասում՝ «հաջողություն, չգիտեմ հետ կվերդառնա՞մ, թե՞ ոչ»: Մենք կորցնում ենք մեր երևանցուն, ո՞ւմ է պետք այս երկիրը: Սա է պատճառը, որ պետք է իշխանությունը հեռանա: Ամեն ինչ կարող ենք վերադարձնել,  քաղաքացուն հայրենիք վերադարձնելը դժվար է: Սա ցավով եմ ասում»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նա հավելեց, որ իրենք պարտավոր ենք իշխանությունը վերադարձնել ժողովրդին, և դա անելու են մայիսի հինգին. «Այդ ժամանակ Դուք կարող եք Նյու-Յորքում, Փարիզում, Բրյուսելում հպարտարանալ, որ ունեք այնպիսի քաղաք, ինչպիսին է Երևանը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս