Ալմա-Աթիի հռչակագիրը Պուտինի ու Թրամփի համար գոյություն չունի. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. Եթե Մոսկվան Ուկրաինայից նվաճած տարածքները սահմանադրորեն կցել է Ռուսաստանին և դրանց վերադարձի մասին խոսակցությունն, անգամ, բացառում է, իսկ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարում է, որ պարտված Ուկրաինան պետք է Ռուսաստանին, այնուամենայնիվ, տարածքներ զիջի, այսինքն՝ 1991-ի սահմաններին վերադարձ չի լինելու, ապա սա նշանակում է, որ 1991-ի Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի:

Որովհետև, եթե Ալմա-Աթիի հռչակագիրը կա, ուրեմն Դոնբասն ու Ղրիմը ուկրաինական են: Եվ, քանի որ Դոնբասն ու Ղրիմն այլևս ուկրաինական չեն, ուրեմն Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի և չի կարող համարվել Արցախի հարցը լուծելու իրավական հիմք ու կիրառական գործիք: Չի կարող նույն փաստաթուղթը մեկի համար գործել, մյուսի համար չգործել:

Էական չէ, որ Ալմա-Աթիի հռչակագրին Հայաստանը միացել է պաշտոնական վերապահումներով, և միայն կապիտուլյանտի գլխում է Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանը ճանաչել Սրցախն Ադրբեջանի կազմում: Էականն այն է, որ Ալմա-Աթիի հռչակագիրը Պուտինի ու Թրամփի համար գոյություն չունի:

Ուստի, քանի որ Ալմա-Աթիի հռչակագիրը որպես միջազգային հարաբերությունների գործիք փորձում է կենդանի պահել միայն Էրդողան-Փաշինյան-Ալիև եռյակը, ապա կարելի է առնվազն ենթադրել, որ մեր քայլող փորձանքին շատ վատ ժամանակներ են սպասվում:

Արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից երկուսն ասում են՝ Ալմա-Աթիի հռչակագիրը գոյություն չունի, իսկ Նիկոլն Էրդողանի ու Ալիևի հետ ձեռ-ձեռի տված ասում է՝ գոյություն ունի, և այդ հռչակագրով Արցախն Ադրբեջան է, իսկ Դոնբասն ու Ղրիմը՝ Ուկրաինա:

Այսինքն, գործ ունենք տիեզերական մասշտաբների թյուրիմացության հետ, որը սկզբում գերտերությունների ոտքերի տակ ընկավ ու դրա հետևանքով ստացավ պատերազմ, խայտառակ պարտություն կրեց այդ պատերազմում, իշխանությունը պահելու համար հանձնեց Հայրենիքի մասն ու հարյուր հազարավոր մարդկանց դարձրեց փախստական, իսկ հետո Հայրենիքի հանձնումն արդարացնելու համար ընտրեց այնպիսի մի փաստաթուղթ, որի պատճառով կրկին գերտերությունների ոտքերի տակ է ընկնում: Իրոք, «տաղանդ էր» պետք»։

Տեսանյութեր

Լրահոս