
Հունաստանում գործադուլի պատճառով խափանվել է երկաթուղային և ավիահաղորդակցությունը

Հունաստանում երթևեկությունը դժվարացել կամ կաթվածահար է եղել տրանսպորտի ոլորտի աշխատողների 24-ժամյա գործադուլի պատճառով: Այս մասին հաղորդել է հունական Kathimerini պարբերականը։
Աթենքում ամբողջությամբ դադարեցվել է մերձքաղաքային գնացքների երթևեկությունը, գործադուլին միացել են նաև Աթենքի տաքսիստները։ Սակայն Հունաստանի մայրաքաղաքում աշխատում են մետրոն ու տրամվայները՝ հիմնականում ապահովելու բողոքի ակցիայի մասնակիցների փոխադրումը խորհրդարանի շենքի մոտ։
Սպասվում են երկրի օդանավակայաններում ավիաչվերթերի խափանումներ, քանի որ գործադուլին մասնակցում են նաև Հունաստանի ավիակարգավարները։
Գործադուլը համընկնում է հունական Թեսալիայի մարզում երկաթուղային աղետի երկրորդ տարելիցի հետ։ 2023 թ. փետրվարի 28-ին այնտեղ տեղի է ունեցել միջքաղաքային մարդատար գնացքի և ապրանքատար գնացքի ճակատային բախում։ Զոհվել է 57 մարդ։ Այդ աղետը Հունաստանի երկաթուղային հաղորդակցության պատմության մեջ ամենամահաբերն է դարձել։