«Նաիրիտի» աշխատակիցները սպասում են աշխատանքի և աշխատավարձի (տեսանյութ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը կստանան մեկ ամսվա աշխատավարձ, երկրորդ աշխատավարձը կստանան առաջիկա քսան օրվա ընթացքում: Մեկ տարի աշխատավարձ չստացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն ընդամենը երկու ամսվա աշխատավարձի խոստում ստացան կառավարության շենքի և նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիայի կազմակերպելուց հետո: Նման կերպ աշխատավարձ ստանալը գործարանի աշխատակիցների համար արդեն սովորական է դարձել:

«Նաիրիտ» գործարանի աշխատակից Սիրվարդ Բախշյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 1978-ից աշխատել է գործարանում և չնայած այդ աշխատանքն իր մոտ առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել, այնուամենայնիվ, սպասում է գործարանի վերաշահագործմանը: Նա նշեց, որ սեպտեմբերին կլրանա իրենց հարկադիր պարապուրդի երեք տարին:

«Ես նույնպես ուզում եմ ապրել, մասնագետ եմ, աշխատել  եմ իմ ամբողջ կյանքում: Ներկա պահին ավելի շատ ոչ թե աշխատավարձն է հետաքրքրում, այլ աշխատանքի շարունակականությունը: Քիմիական արդյունաբերություն չկա, մենք չենք կարողանում ոչ մի տեղ աշխատանքի տեղավորվել»,- ասաց «Նաիրիտի» աշխատակիցը: Նա նշեց, որ իր աշխատավարձը 88 հազար դրամ է, պարապուրդի պատճառով ստանում է  56 հազար դրամ, սակայն դա էլ ստանում են հիմնականում այսպիսի ակցիաների միջոցով:

Սիրվարդ Բախշյանն ավելացրեց, որ վերջին անգամ աշխատավարձ ստացել է 2-3 ամիս առաջ` 2012թ. մարտ ամիսը: Գործարանի աշխատակից Արմինե Քարամյանն էլ ասաց, որ ինքը 15 տարի աշխատել է գործարանում, այսօր էլ  ընտանիք միակ աշխատողն է: «Էսօր քաղաքային ընտրություններ են, բայց քաղաքացիների իրավունքները ոտնահարվում է»,- ասաց Արմինե Քարամյանը:

Կարդացեք նաև

Գործարանի աշխատակիցները նշում էին, որ գործարանում աշխատավարձերը խիստ տարբեր են, բարձր ստանում է ղեկավար կազմը, որտեղ, ըստ «Նաիրիտի» աշխատակիցների, ընդգրկված  են տնօրինության ազգականներ:

Գործարանի արմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը կառավարության շենքի առջև հավաքված աշխատակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում «Ռոսնեֆտ» ընկերության հետ`գործարանի բաժնեստոմսերը գնելու և գործարանն աշխատացնելու ուղղությամբ: Ի տարբերություն արհմիության նախագահի` աշխատակիցները չէին հավատում, որ առաջիկայում գործարանը կաշխատի:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս