
Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար

Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309 716 դոլար), իսկ այս տարվա հունվարին այդ ծախսերն աճել են 299%- ով՝ հասնելով 1 մլրդ 779 միլիոն 281․000 լիրայի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական ընդդմադիր «Sözcü» կայքը նշում է, որ 2024 թվականի հունվարին մեկ օրում նախագահական պալատը ծախսել է 14 մլն 878․100 լիրա (410․321 դոլար), իսկ 2025-ի հունվարին մեկ օրում ծախսել է 59 մլն 309․367 լիրա (1մլն 635․ 686 դոլար)։
Ամսական ծախսերը նույնպես ավելացել են՝ 446․3 մլն լիրայից (12 մլն 300․256 դոլար) հասնելով՝ 1․7 մլրդ լիրայի։ Իսկ մեկ ժամվա ծախսերի արժեքը ևս զգալի աճ է գրանցել։ Այս տարվա հունվարին մեկ ժամում ծախսվել է 2 մլն 471․000 լիրա (68․286 դոլար)։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին էլ նշել է, որ մինչ միլիոնավոր մարդիկ ընկղմված են պարտքերի մեջ, պալատի ծախսերն աճել են 300%-ով։ Ժողովուրդը պայքարում է տնտեսական դժվարությունների դեմ, իսկ պալատը ծախսերը չի խնայում։ Ըստ նրա՝ պալատը 1 րոպեում ծախսում է 41․000 լիրա(1130 դոլար)։