
Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ – ի ռազմական աջակցության․ Զելենսկի

Ուկրաինայի համար շատ ու շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ – ի ռազմական աջակցության ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, այնպես էլ ապագայում ՝ պատերազմի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինային նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Meet the Press ծրագրին տված հարցազրույցում, որից NBC News հեռուստաալիքը հատվածներ է հրապարակել իր կայքում։
«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ առանց ամերիկյան աջակցության կռվելու մասին։ Չեմ ուզում մտածել, որ մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերներ չենք լինի», – ասել է Զելենսկին, ում խոսքով Ուկրաինան խոցելի կլինի Ռուսաստանի ևս մեկ խոշոր հարձակման դեպքում, եթե ԱՄՆ-ը չշարունակի Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել:
Ուկրաինայի առաջնորդի կարծիքով ՝ Ռուսաստանի նախագահ Վոլոդիմիր Պուտինը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի մասին համաձայնության հասնելու համար, ինչը կհանգեցնի ՌԴ-ի դեմ որոշ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը և թույլ կտա նրա զինվորականներին վերախմբավորվել:
«Դա, իսկապես, այն է, ինչ ուզում է Պուտինը։ Նա ցանկանում է դադար վերցնել, պատրաստվել, զինվորների ուսուցում անցկացնել, կրակի դադարեցման ֆոնին հասնել որոշ պատժամիջոցների վերացմանը», – վստահություն է հայտնել Զելենսկին։