«Հայ դավաճաններից որևէ մեկը պատժից չի «պլստացել». Իրենց «աքլորանալը» լավ բանի չի բերելու». Մետաքսե Հակոբյան

Երեկ խորհրդարանում Ալեն Սիմոնյանն արցախահայերին հերթական «մեղադրանքը» ներկայացրեց՝ ասելով, թե չեն կռվել, պետք է մնային Արցախում ու կռվեին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ արցախցի լրագրողն ԱԺ նախագահին՝ որպես իշխանւթյան ներկայացուցիչ, հարց տվեց, թե ե՞րբ է վերադառնալու Արցախ։

Թե ինչպե՞ս շրջափակման մեջ գտնվող արցախցին, որն արդեն 10 ամիսների բլոկադայի ընթացքում ուժասպառ էր եղել, պետք է մնար ու կռվեր, Ալեն Սիմոնյանը չհստակեցրեց, միայն հեգնեց՝ ասելով. «Պետք էր կռվել, պետք էր կռվել»։

Այնուհետև Ալեն Սիմոնյանը փորձեց արդարանալ՝ ասելով, թե նկատի է ունեցել, որ պետք է մնային Արցախում, «քանի որ դատարկ երկիրը որևէ մեկը չի պաշտպանում»։

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի բնորոշմամբ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ամբողջությամբ «անբարոյական» հայտարարություն է։

Կարդացեք նաև

«Ալեն Սիմոնյանը փորձում է իր ասածը շտկել, բայց կա մեկ ոսկե կանոն, որ քաղաքական գործչի բերանից քանի դեռ խոսքը դուրս չի եկել՝ իրենն է, դուրս գալուց հետո այլևս իրենը չէ։ Այս ամենն ամբողջությամբ խոսում է իշխանությունների դիրքորոշման մասին, որն ունեն Արցախի ու արցախահայերի նկատմամբ։ Նրա, այսպես կոչված, «շտկումներն» ավելի վատն էին, որովհետև իրենք կարծում են, թե ժողովուրդը կարճ հիշողություն ունի։ Ես ամենօրյա ռեժիմով պատրաստ եմ իրենց հիշեցնել, որ իրենց շեֆը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարում էր, թե Ադրբեջանի կողմից արցախահայերին ուղիղ վտանգ չի սպառնում, սա էլ այն դեպքում, երբ ունեինք բազմաթիվ քաղաքացիական զոհեր, այդ թվում՝ երեխաներ։ Այս իշխանություններն այնքան են ստեր ասել, որ արդեն իրենց գցել են այդ ստերի թակարդը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը շեշտեց, որ ունի բազմաթիվ չհրապարակված նյութեր, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին։ Իշխանություններն էլ շատ լավ գիտեն, որ սեպտեմբերի 19-ին Արցախն ու արցախահայերը մնացել էին միայնակ, արցախահայերի ճակատագիրը չէր հետաքրքրում աշխարհին և, ցավոք, նաև ՀՀ իշխանություններին։

«Այն, ինչը պետք է անեին այս իշխանություններն Արցախի համար՝ չարեցին և դրսևորեցին շատ վատ դիրքորոշում։

Բայց մեր պատմությունը ցույց է տվել, թե ինչ ճակատագիր են ունեցել հայ դավաճանները, նրանցից որևէ մեկը պատժից չի «պլստացել»։ Մենք պետք է համբերատար գործենք մինչև այն պահը, երբ այս դավաճանները պատասխան են տալու, այնպես, ինչպես բոլոր հայ դավաճանները։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, տեղի է ունեցել այս իշխանությունների ձեռամբ։

Գնացին Ակնայում նկարվեցին ու հռչակեցին իրենց հայրենիքը, Ստեփանակերտի հրապարակում աղաղակեցին, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», կարծես թե իրենց այդքան ատելի նախկին իշխանությունն Արցախն իրենց հայրենիքը չէին համարում։ Համարում էին, բայց այդ մասին չէին աղաղակում»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Շարունակելով, պատգամավորը նաև հիշեցրեց՝ Արցախի շրջափակումից առաջ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, մինչդեռ մեղադրում են ՌԴ նախագահին։

«Այս իշխանությունների «աքլորանալը» լավ բանի չի բերելու։ Պուտինը մի քանի անգամ բացատրել է Արցախում խաղաղապահների պահվածքը, որովհետև Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչը նշանակում էր, որ խաղաղապահներն այլևս ոչինչ չեն կարողանալու անել։

Այս իշխանությունների բոլոր հանցագործությունները շատ ցցուն են, և զարմանալի է, որ մեր ԱԱԾ-ն այս ցցուն փաստերով հետամուտ չի լինում, որպեսզի այս անձանց բերման ենթարկի, իսկ Դատախազությունը վարույթ նախաձեռնի։ Կարծում եմ՝ սա մեզ շատ պետք է անհանգստացնի, մենք մեծ անելիքներ ունենք, իշխանություններն իրենց պահվածքով, անբարո հայտարարություններով սպառնալիք են մեր հայրենիքի համար։ Ով նման հայտարարություն է անում Արցախի ու արցախահայերի վերաբերյալ՝ անբարոյական է»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս