Գազի թանկացումը հերթական անգամ հաստատվեց
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից երեկ հրապարակված տվյալները՝ արտաքին առևտրի վերաբերյալ, հերթական անգամ վկայում են, որ Ռուսաստանից ներմուծված բնական գազի գինը արդեն իսկ թանկացած է։
ՀՀ արտաքին առևտուրն երկիր-ապրանք կտրվածքով (2012-2013թթ. I եռամսյակ) փաստաթղթում 2711 կոդի տակ ներկայացված են բնական և հեղուկ գազի ներմուծման ծավալները։ Մենք առանձնացրել ենք Ռուսաստանից իրականացված ներմուծումը։
Ինչպես տեսնում եք, այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից ներմուծվել է 746.5 միլիոն խմ բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 184.3 միլիոն դոլար։ Հետևաբար՝ 1000խմ-ի գինը կազմում է 246.9 դոլար։
Իսկ ինչո՞ւ ոչ ուղիղ 240 դոլար (ինչպես նշվում էր մամուլում), այլ 246.9։ Որովհետև բնական գազից բացի այս ցուցանիշը ներառում է նաև հեղուկ գազը։ Հեղուը գազի տեսակարար կշիռը չնչին է այս գումարի մեջ, այդուհանդերձ, դրա շնորհիվ է գազի գինը 240-ից շեղվել։
Ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ մեկնաբանություն չենք ակնկալում բոլոր այն պաշտոնյաներից, ովքեր շարունակում են պնդել, որ Ռուսաստանից գազ ենք գնում 180 դոլարով։ Համոզված ենք, որ նրանք այս անգամ նույնպես «ժամանակ չեն ունենա» ծանոթանալու մաքսային կառույցի այս տվյալներին։