![](/banners/BeFunky-design.jpg)
Ի՞նչ են խոսել Սամվել Վարդանյանն ու Անահիտ Մանասյանը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/46fb6b8f-57e7-474b-bab3-5031f55c9626.jpg)
Սամվել Վարդանյանն այսօր միայնակ ակցիա իրականացրեց ՀՀ ՄԻՊ գրասենյակի առջև` սև ժապավեններով գուժելով կառույցի մահը։
Սամվել Վարդանյանն առավել հայտնի է նախկինում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանությունից հետո, որին հաջորդել էր նաև նրա աղմկահարույց խոշտանգման դրվագը։
Ինչպես տեղեկացրել էինք, 2024 թվականի ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված Սամվել Վարդանյանին Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դաժան ծեծի էին ենթարկել։
«Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, ձեռքերով խփում, սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքները տալիս, թքում վրան, իջեցնում են տաբատը, դուբինկան դեմոնստրատիվ պահում ոտքերի արանքում»,- այդ առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ ասել էր փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի րոպե ծեծելուց հետո Սամվելին տառացիորեն շպրտել են մեքենայի մեջ:
Այսօր անդրադառնալով այս դրվագին` Սամվել Վարդանյանը նշեց. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Արման Թաթոյանի՝ այստեղից հեռանալուց հետո այս կառույցը դադարեց գոյություն ունենալ։ Այս կառույցում ընդհանրապես չեն զբաղվում մարդու իրավունքներով։ Դիմում եմ նաև ԱՄՆ դեսպանին՝ հիշեցնելով, որ իմ սահմռկեցուցիչ խոշտանգումից անցել է 10 ամիս, լուռ է Ոստիկանությունը, ՔԿ-ն, ՄԻՊ կոչվող կառույցը։ Համարում են, որ կոծկել են այդ հանցագործությունը»։
ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ Սամվել Վարդանյանն առանց լրատվամիջոցների ներկայության կարող է բարձրանալ և հանդիպել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ և ստանալ իր հարցերի պատասխանները։
168.am-ը Սամվել Վարդանյանից հետաքրքրվեց զրույցի մանրամասների մասին։
«ՄԻՊ-ի խոսքում կարմիր թելով անցնում էր լծակներ չունենալու պահը, ինչին ի պատասխան՝ ասել եմ, որ առնվազն կարելի էր անընդհատ բարձրաձայնել, խոսել եմ կոծկելու միտման վտանգի մասին։
Ըստ իրենց՝ դեպքն ուշադրության կենտրոնում է. Իհարկե, զարմանալի է, թե ինչպես, բայց դե…»,- մանրամասնեց Սամվել Վարդանյանը` հավելելով, որ ակնկալիք չունի Անահիտ Մանասյանից ու նրա ղեկավարած կառույցից։
«Տպավորություն էր, թե ես պիտի հետևողական լինեի թարմացումների մասով»,- հավելեց նա։