«Իզուր չէ, որ Փաշինյանին բնորոշել եմ՝ որպես «իդեալական լրտես». ակնհայտ ստեր է «բստրում»». Գագիկ Հարությունյան

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունը վարում է քաոսային քաղաքականություն, որը վնասում է ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի դաշնակիցներին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Ավելին՝ 2018 թվականի հեղափոխությունն ուղղված էր նաև Ռուսաստանի դեմ, նրան տարածաշրջանից հանելու և Թուրքիային բերելու։

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն աբսուրդի ժանրից է, նույնիսկ դրան անդրադառնալն այլևս իմաստ չունի, նրա քայլերում չկա տրամաբանություն և չի բխում ՀՀ շահերից։ Փաշինյանը՝ որպես հլու-հնազանդ հրամաններ կատարող, կատարում է իր տերերի հրամանները։ Իզուր չէ, որ իմ հոդվածներից մեկում Նիկոլ Փաշինյանին բնորոշել եմ՝ որպես «իդեալական լրտես», նա միայն իդեալական կատարում է այն հրամանները, որոնք իջեցնում են իր տերերը»,- 168.am հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունների հայտարարությունները, թե՝ «Հայաստանը Ռուսաստանի ստրուկը չէ, ազատվում է նրա լծից» և այլն, ամբողջովին մանիպուլյացիաներ են։

«Հայաստանը և ցանկացած այլ երկիր գոյատևում, ապրում, զարգանում է՝ համագործակցելով այլ երկրների հետ։

Կարդացեք նաև

Նույնիսկ Հայրենական պատերազմի ժամանակ, երբ գերմանացիները Ստալինգրադի տակ էին, մոտավորապես 100 հազար զորք է Ռուսաստանն ուղարկել Հայաստան, որպեսզի թուրքերը չներխուժեն մեր երկիր։ Նույնը վերաբերում է Արցախին, 1990-ականներին ՌԴ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ եթե Արցախն անցնի Թուրքիային, ապա դա կարող է բերել միջուկային պատերազմի Թուրքիայի հետ։ Այսինքն՝ եթե մենք կանք, ապա կանք՝ ի շնորհիվ մեր քաղաքակրթական միասնության, քանի որ Ռուսաստանը գործել է ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով, այլև քաղաքակրթական շարժառիթներով։

Ինքս այդպես ռուսասեր չեմ, թեպետ 9 տարի շարունակ ապրել ու սովորել եմ Մոսկվայում, բայց երբ այդ երկրի վարած քաղաքականությունը քննադատում ես, պետք է նայես, թե քո երկրի իշխանությունն ինչպիսի քաղաքականություն է վարել ու վարում այդ երկրի նկատմամբ։ Հետևաբար, իշխանությունների ասածներն ակնհայտ ստեր են, որոնք «բստրում» է Նիկոլը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում դժվար թե թշնամաբար տրամադրվի հայ ազգի դեմ, այսինքն՝ եթե  Հայաստանում իշխանափոխություն լինի, հեշտությամբ հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները։

«Դուք տեսեք՝ այսօր Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպություններն ինչ արշավ են տանում, և այդ ամենն ուղղված է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելուն։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ ոչինչ, հետո էլ բողոքում է, միայն Ռուսաստանի հայությունն է փորձում որոշակի քայլեր անել։

Պետք է ինչ-որ բաներ մտածել, քայլեր ձեռնարկել, որովհետև մեզ դաշնակիցներ են պետք։ Թեպետ վստահ եմ, որ հայ ժողովուրդը հասկանում է, որ Ֆրանսիան ու այլ երկրներ չեն գալու այս տարածաշրջանում ու աջակցեն Հայաստանին։ Իհարկե, այդ երկրների հետ պետք է պահպանել լավ հարաբերություններ, բայց չկորցնել ռեալ դաշնակցին»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս