«Բոլոր գյուղերից հավաքվել, եկել են՝ խնդիրը պետք է լուծվի». Շիրակի մարզում կրկին բողոքի ակցիա է
Շիրակի մարզում կրկին բողոքի ակցիա է։ Մսավաճառները և մարզի համայնքների բնակիչները կրկին հավաքվել են մարզպետարանի մոտ՝ պահանջելով լուծում տալ սպանդանոցների հարցին։
Բանն այն է, որ մսավաճառներից պահանջում են մորթն անել սպանդանոցներում, մինչդեռ մարզում սպանդանոցներ չկան։ Արդյունքում՝ արդեն տասնյակ մսավաճառներ տուգանվել են։
168.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հովհաննեսը, փոխանցեց, որ վաղ առավոտից հավաքվել են մարզպետարանի մոտ, սակայն իրենց որևէ մեկը չի ընդունել։
«Մենք ունենք խնդիր, որը պետք է լուծվի։ Մենք առավոտից այստեղ ենք, սակայն մարզպետարանից որևէ մեկը չի ընդունել մեզ։ Չգիտեմ՝ որքան կմնանք, բայց հավանաբար այնքան կմնանք, մինչև մեզ ընդունեն, ու հասկանանք՝ ինչպես են պատրաստվում խնդիրը լուծել»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա նաև փոխանցեց, որ բողոքի ակցիային մասնակցում են գրեթե բոլոր համայնքների բնակիչները, քանի որ խնդիրը բոլորին վերաբերում է։
«Բոլոր գյուղերից հավաքվել, եկել են, մեր խնդիրը պետք է լուծվի»,- ընդգծեց Հովհաննեսը։
Նշենք, որ փետրվարի 3-ին մսավաճառները ևս բողոքի ակցիայի ժամանակ հանդիպել էին մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանին։
Նա գյուղացիներին ասել էր, որ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ նախատեսված սպանդանոցների փոխարեն կարող են կառուցել սպանդանոցային կետեր, իսկ սրանք ավելի մատչելի կնստեն գյուղացիների վրա։
Այս ամենը կրկին հարուցել էր գյուղացիների զայրույթը, նրանք պաշտոնյային ասել էին, որ գյուղացին այդքան գումար չունի, որպեսզի սպանդանոց կառուցի։