«Նոր մարդ այս փոքր երկրի մեջ որտեղի՞ց բերենք՝ երկնքի՞ց, փոքր երկրում մեկ օրում նոր մարդ գտնել ու դնել կառավարման ղեկին՝ մեր գլխին դառնալու է երկրորդ Նիկոլ». Շահե Աճեմյան
Հունվարի 31-ին իր հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու վերաբերյալ շատ կոնկրետ առաջարկ են արել։
«Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել: Ընդ որում, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի լուծում, որը մեր գնահատմամբ և ակնհայտորեն՝ հաշվի է առնում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դիրքորոշումները, և էդ դիրքորոշումների հաշվառմամբ առաջարկել ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով էլ։
Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում այնպիսի մեծ ավերածություններ են, որ այդտեղ երկաթուղին վերականգնելն այնպիսի մեծ ինվեստիցիաների հետ է կապված, որ դա լուծելը շատ բարդ խնդիր է: Ես հույս ունեմ, որ կոմունիկացիաներն այն աստիճանի կակտիվանան, որ այդ ներդրումն իմաստ կունենա եկամտաբերության տեսանկյունից: Բայց էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջևան՝ հակառակ ուղղությամբ, և Երասխից Նախիջևանի տարածքով՝ Մեղրի և հակառակ ուղղությամբ… Ե՛վ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առևտրի համար, և՛ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար… Մենք այդ առաջարկն արել ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածը նորություն չէ. նա բազմիցս բացահայտ ասել է, որ պատրաստ է կատարել Ադրբեջանի ցանկացած պահանջ, այդ թվում՝ «միջանցք» տալ։
«Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ, ընդհատակյա կատարում է Ադրբեջանի ցանկությունները, մի օր մենք չտեսանք, որ այս մարդը մերժի Ալիևին։ Բոլորս էլ գիտենք, որ մինչև այսօր Նիկոլը տվել է Ադրբեջանին այն, ինչ պահանջել են։ Այս մարդը ժողովրդին քիչ-քիչ պատրաստում է, թե ինչ է տալու Ադրբեջանին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շահե Աճեմյանը։
Այս համատեքստում նա նաև հիշեցրեց, թե վերջերս Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոսում Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության մասին։
«Գնում է Հայաստանից դուրս՝ Հայոց ցեղասպանությունից է խոսում, թող ինքն իր տեղն իմանա, ինքը ցեղասպանագետ չէ։ Հայոց ցեղասպանության մասին հազարավոր գրքեր են գրվել, հազարավոր վկայություններ կան, տարբեր երկրներ ընդունել են այդ եղելությունը։ Ցեղասպանագիտության համաշխարհային ամբիոններից է այս հարցն արծարծվել, հետևաբար, ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ եղած փաստը ժխտի, աշխարհն է ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Բայց մեկ բան հստակ է, որ Նիկոլի ասածները, որքան էլ ժամանակ անցնի, թշնամին բերելու է ու մտցնի մեր աչքը, ասի՝ տեսեք, ձեր երկրի ղեկավարը ժխտել է։ Ինքը հարվածում է մեր ամբողջ Հայ դատին, նպատակներին։ Ճիշտ է, մենք ասում ենք՝ սա ադեկվատ մարդ չէ, բայց ինքն է Հայաստանը ներկայացնում միջազգային ատյաններում ու վաղը-մյուս օրը մեզ այս ամենը երեսով են տալու։ Խոջալուի դեպքերի հետ կապված՝ Մութալիբովն ասում էր, որ դա ադրբեջանցիների մեղքով է եղել, ոչ հայերի։ Մինչև այսօր նրա ասածներով հակադարձում ենք Ադրբեջանին, վաղը Նիկոլի պատճառով Ադրբեջանն է մեզ հակադարձելու նույն ձևով»,- հավելեց Շահե Աճեմյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ իշխանություններին պետք է հեռացնել, և դա պետք է անեն ազգային ուժերը, որոնց թվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը և այլք։
«Շարունակում են հին երգը երգել, թե ոչ մի նախկին չպետք է երևա, բա լավ, նոր մարդ այս փոքր երկրի մեջ որտեղի՞ց բերենք՝ երկնքի՞ց, լուսնի՞ց։ Անշուշտ, հաջորդ իշխանության մեջ նոր սերնդի ներկայացուցիչներ պետք է լինի, բայց իշխանության վերևում պետք է հին ու փորձառու գործիչները կանգնեն։ Օրինակ, գուցե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, բայց լինի Էդուարդ Շարմազանովը կամ Արմեն Աշոտյանը, փորձառու, խելացի քաղաքական գործիչներ են, կարող է Ռոբերտ Քոչարյանը չլինի, լինի իր տղան կամ այլ մարդ, օրինակ եմ ասում։
Փոքր երկրում մեկ օրում նոր քաղաքական գործիչ գտնել ու դնել կառավարման ղեկին՝ մեր գլխին դառնալու է երկրորդ Նիկոլ։ Սա մեր ժողովուրդը պետք է հասկանա ու այդ «նախկիններ» թեմային վերջ դնի, նախ, եթե ժողովուրդը խելացի լիներ, Նիկոլ չէր ընտրի ու հիմա նորից հին սխալն է անում։ Գնանք երկնքից նոր ղեկավար բերենք, չնայած Քրիստոսին էլ բերենք՝ այս ժողովուրդը կխաչի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ ՀՀ օրվա իշխանությունը գրեթե մահացած է, նրան պարզապես իր տերերը «դեղորայքով» պահում են։
«Ժողովուրդը, սրանցից զզվում է, թող զզվի, մինչև չզզվի, սրանց չի վռնդի»,- խոսքն ամփոփելով՝ նշեց Շահե Աճեմյանը։