USAID-ն ավելի քան 40 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա. խորհրդարանի նախագահ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ վրացական ոչ կառավարական կազմակերպությունները USAID-ից ստացել են ավելի քան 40 միլիոն դոլար 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրությունների համար, և այդ ֆինանսավորման նպատակը թափանցիկ չէ։

«ԱՄՆ ՄԶԳ-ն քաղաքական ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով 41,7 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «եթե համեմատենք Վրաստանի և ԱՄՆ-ի բնակչության թիվը, ապա դա համարժեք է ԱՄՆ-ի ընտրությունների վրա 3,78 միլիարդ դոլար ծախսելուն»։

«Անհնար է 41,7 միլիոն դոլար ծախսել այլ երկրում ընտրությունների վրա և որևէ պատասխանատվություն չզգալ այս երկրի բնակչության հանդեպ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի նախագահը պահանջել է իմանալ, թե ինչպես են տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացվում այն ​​կազմակերպություններին, որոնք պարբերաբար ղեկավարում են Վրաստանում հեղաշրջման փորձերը։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով:

Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:

USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության և սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:

Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), երեկ ասել է, որ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի հարցին, ես մանրամասն ներկայացրել եմ (նախագահին), և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն», – ասել է Մասկը երկուշաբթի վաղ առավոտյան X Spaces-ի հետ զրույցում:

Մասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում:

Տեսանյութեր

Լրահոս