«Իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների, ասելու են՝ Մեղրին մենք չենք տվել, տված էր». Արմեն Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այսօր իշխանությունները կարծես թե գտնվում են «երկու քարի արանքում»՝ և՛ ուզում են իրենց նախապես որոշված հակապետական ծրագրերն իրականացնել, և՛ նաև հասկանում են, որ առջևում ընտրութուններ են, և դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ։

«Այս տոմսերի ու մնացածների հետ կապված տեսնում եք, վախենում են սոցիալական բունտից, երբ իշխանությունների կողմից չլուծված խնդիրներն այնքան են կուտակվել, որ դրանք ուղղակի ամեն առիթով դրսևորվում են։

Ասում է՝ կա քարերը նետելու ժամանակ և քարերը հավաքելու ժամանակ, հիմա եկել է այս իշխանությունների քարերը հավաքելու ժամանակը։ Այն նույն ոճով, որ մինչև հիմա աշխատում էին՝ ամբարտավան, հասկանում են, որ սա այլևս չի աշխատում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ իշխանություններն իրենց քաղաքական ուղեգծից ու նպատակից չեն շեղվում, ինչը մեծ վտանգ է, քանի որ դրա արդյունքները ստանալու է պետությունը, հարված է հասցվելու ազգային ինքնությանը։ Այս ամենը կանխելու խնդիր կա, որը գնալով դառնում է օրակարգի թիվ մեկ հարցը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, Արմեն Ռուստամյանը նշեց, որ Ադրբեջանը գործում է շատ հստակ ծրագրով՝ ինչ հնարավոր է՝ ստանում է խաղաղ ճանապարհով, իսկ ինչը չի կարողանում, ավելացնում է ռազմաշունչ հայտարարությունները։

«Ադրբեջանը որևէ տեղից չի պատրաստվում նահանջել, Ադրբեջանը չի պատրաստվում այդ տարածքները վերադարձնել։ Իսկ այն, ինչը նրանք կարծում են, որ իրենցն է՝ ստանալու են այս սահմանազատման ճանապարհով։

Հետաքրքիր է, որ այս իշխանությունը կարծում է, թե այդ խաղաղ ճանապարհով կարող են հասնել խաղաղ սահմանների, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչն ինքն ուզում է։ Հիմա էլ առաջանալու է «անկլավների» խնդիրը, նույն Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Իրենք մի մեծ հարց լուծեցին, մեր կահավորված առաջնագիծը քանդեցին»,- շեշտեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ վերջերս ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեցին հարցին, թե Ոսկեպար-Կիրանց ճանապարհից որևէ հատված անցնելո՞ւ է Ադրբեջանին, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, որ նախկին իշխանությունները քննարկել են «Արցախը Մեղրիով փոխարինելու հարցը», Արմեն Ռուստամյանը նկատեց.

«Այս ամենի տողատակն այն է, որ իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների։ Եթե կհիշեք՝ Արցախը տալուց առաջ իշխանությունները հայտարարում էին, որ Արցախի հարցը լուծված է, Արցախը վաղուց էին հանձնել։ Հիշում եք այս բարբաջանքները, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց, հիմա մեծ վտանգ կա, որ այս ամենի վտանգն այն է, որ վաղը կարող են Մեղրիի տարածքից այդ ճանապարհ կոչվածը, «կորիդոր» կոչվածը տան։ Հանրությանը նախապատրաստում են, որ հետո ասեն՝ դե Մեղրին մենք չտվեցինք, մինչև այդ տված էր»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս