Կներդրվի բեռնատարների երթևեկության թույլտվությունների էլեկտրոնային հաշվառման համակարգ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվելու է բեռնատարների երթևեկության թույլտվությունների միասնական ձև։ Այս մասին տեղեկացավ e-draft իրավական ակտերի միասնական հարթակից։
Նոր փոփոխություններով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային հաշվառման համակարգ, որը կբարելավի վերահսկողությունը և կդյուրացնի գործընթացը թե՛ բեռնափոխադրողների, թե՛ իրավապահ մարմինների համար։
Բեռնատարների երթևեկության թույլտվությունների միասնական ձև գործելու է Հայաստանի բոլոր բնակավայրերի համար։ Այն հասանելի կլինի նաև պարեկային ծառայությանը։ Այլևս անհրաժեշտ չի լինի թույլտվությունը փակցնել մեքենայի դիմապակուն։ Կբարելավվի վերահսկողությունը՝ նվազեցնելով թույլտվությունների կեղծման և չարաշահման դեպքերը։
Այս նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության «Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարությունից»։ Նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեի վրա հավելյալ ծախսեր չի նախատեսվում։