Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել առնվազն երկու անգամ. Ջոն Քերի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել առնվազն երկու անգամ:
Ավելի վաղ Սպիտակ տունն ու Պենտագոնը հայտնել էին, որ ամերիկյան հետախուզության տվյալներով, Սիրիայի իշխանությունները կարող է կիրառած լինեն «քիչ քանակությամբ» քիմիական զենք:
Սիրիայի կառավարությունն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմությունը մարտի 19-ին քիմիական զենք է կիրառել Հալեպի նահանգում: Իսկ սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ կառավարական ուժերը Հոմսում քիմիական զենք են կիրառել նախորդ տարվա դեկտեմբերին:
Սիրիական ընդդիմությունը երեկ միջազգային հանրությանը կոչ է արել գործել «անհապաղ և վճռականորեն»՝ կանխելու համար Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը: