Բաժիններ՝

Քաղաքապետարանի ամանորյա համերգային միջոցառման տեխնիկական ապահովումը 3 մլն 123.600 դրամով վստահվել է ֆավորիտ մատակարարի

Պետգնումների էլեկտրոնային համակարգում օրերս ուշացած հանրայնացվել է քաղաքապետարանի դեկտեմբերյան գնումներից մեկը, որը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով։

Այսպիսով, դեկտեմբերի 25-ին կնքված և հունվար 21-ին հանրայնացված պայմանագրից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետարանը «Բրիդջ»ՍՊԸ-ին պատվիրակել է Ամանորի և Սուրբծննդյան տոնակատարությունների շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման՝ մասնավորապես տեխնիկական ապահովման մատուցման ծառայություններ՝ 3 միլիոն 123.600 դրամով։

ՍՊԸ-ն դեկտեմբերի 27-ին այս գումարի շրջանակում ապահովել է Երևանի քաղաքապետարանի համերգային-արարողակարգային միջոցառումը։

Մեկ անձ ոչ մրցակցային գնման եղանակով նմանատիպ ծառայությունների մատակարարման պայմանագրեր քաղաքապետարանը նույն ընկերության հետ կնքել է 2023 թվականից սկսած։

Կարդացեք նաև

Այդ ընթացակարգով 2023, 2024 թվականներին կնքվել են հարյուր-միլիոնավոր դրամների 9 պայմանագրեր, որոնցից 8-ը մեկ անձից գնում է եղել, այդ թվում՝ «YEREVANCLASSICFEST» փառատոնի շրջանակում «Երևանի բալետային փառատոն»-ի, «Օպերա բաց երկնքի տակ» և «Սիմֆոնիկ Երևան» խորագրով դասական երաժշտության համերգային ծրագրի շրջանակում մշակութային միջոցառումների կազմակերպման /տեխնիկական ապահովում/ ծառայությունները։

«Բրիդջ» ՍՊԸ-ի մասին․ ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2015 թվականից գրանցված այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականից պատկանում է Նարեկ Չախոյանին, և հենց 2022 թվականից էլ սկսվում է «Բրիդջ»-ի ակտիվությունը պետգնումներում։

Մատակարար այս ընկերության հիմնական պատվիրատու-պետական գերատեսչություններն են Երևանի քաղաքապետարանը, Հանրային հեռուստաընկերությունը, Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը, վարչապետի աշխատակազմը։ ՍՊԸ-ի հետ պայմանագրերի մեծ մասը կնքվել է մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով։

Տեսանյութեր

Լրահոս