«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ անհասկանալի սահմանափակումները կշարունակվեն առնվազն մինչև նախնական դատալսումները՝ հունվար-փետրվար». Ռոման Երիցյան
Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսայնին առաջադրված մեղադրանքը դեռևս նախորդ տարվա վերջին փոխվել էր, սակայն նրա նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն վերացել։
Դավիթ Սարգսյանի պաշտպան Ռոման Երիցյանի խոսքով՝ դատարանը Դավիթ Սարգսյանի արարքը որակել է՝ որպես ինքնիրավչություն։
Գործը մեղադրականով ուղարկվել էր դատարան՝ դատարանը նրա արարքը որակել է՝ որպես ինքնիրավչություն։
Առավելագույն բանը, որ դրան հասնում է՝ տուգանքն է, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ազատազրկման դատապարտվել չի կարող,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռոման Երիցյանը և հավելեց,- Դավիթ Սարգսյանի նկատմամբ եղած սահմանափակումները չեն վերացել, դրանք մնում են»։
Ըստ փաստաբանի, ի սկզբանե այդ նույն արարքը որակվել էր՝ որպես առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որի արդյունքում Դավիթ Սարգսյանը 2 ամիս մնացել է՝ կալանքի, 1 ամիս՝ տնային կալանքի, վերջին 5-6 ամիսը՝ վարչական հսկողության տակ՝ անհասկանալի սահմանափակումներով։
«Վարչական հսկողությունն ու կիրառված սահմանափակումները պետք է շարունակվեն առնվազն մինչև գործով նախնական դատալսումները՝ հունվար-փետրվար ամիսներին»,- շեշտեց Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա մայիսին Դատարանի որոշմամբ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր։ Մինչ այդ իրավապահները ժամեր շարունակ նրա տանը խուզարկություն էին կատարել։ Այնուհետև հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննելով Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, որոշել էր կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։
Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։
Ի դեպ, նույն մեղադրանքով կալանավորվել էր նաև օկուպացված Ասկերանի համայնքապետը՝ կրկին Արցախից համայնքին պատականող մեքենա Հայաստան բերելու համար։