Բաժիններ՝

Մենք ֆուտզալի ուժեղագույն հավաքականներին չենք զիջում. Ռուբեն Նազարեթյան

Հայաստանի ֆուտզալի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ֆավորիտ համարում է Ղազախաստանին:

«Դանիայի հետ հանդիպման մեկնարկը մեզ համար դժվար ստացվեց, որն, իմ կարծիքով, ընդամենն առաջին խաղի «սինդրոմ» է: Մեզ հաջողվեց 0:2 հաշվով պարտվելիս հետ վերադառնալ խաղ ու հաղթանակի հասնել: Ակնհայտ է, որ թիմում մեծ փոփոխություններ են տեղի ունենում և բրազիլացիներն արդեն չեն խաղում: Հանդիպմանը մասնակցեցինք հայ ֆուտզալիստներով, ինչն ազդեց թիմի որակի վրա: Մեզ համար կարևոր էր առաջին խաղում հաղթելն ու այդ 3 միավորը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Նազարեթյանը:

Անդրադառնալով ղազախների հետ ընտրական փուլի երկրորդ խաղին` Նազարեթյանը շեշտեց, որ մարզչական շտաբը լավ ուսումնասիրել է հակառակորդ թիմին:

«Ղազախստանի դեմ խաղում շատ լավ խաղ ցուցադրեցին տղաները: Նրանք համարվում են աշխարհի ուժեղագույն հավաքաններից մեկը` Եվրոպայում էլ առաջին տեղում են: Մենք արժանի խաղ ցույց տվեցինք նման մրցակցի դեմ խաղում: Կարող էինք նաև հաղթել այդ խաղում»,-առանձնացրեց նա:

Խոսելով առաջիկա մրցակցի` Ալբանիայի ընտրանու մասին, Նազարեթյանն ընդգծեց, որ Էլիտա Ռաունդում հանդես եկող թիմերը բարձրակարգ հավաքականներ են և ոչ մեկի հետ հեշտ հանդիպումներ չեն լինելու:

«Մենք պետք է լրջագույնս նախապատրաստվենք և հստակ գիտենք, որ այս փուլում սխալները պետք է հասցնենք նվազագույնին: Մեր նպատակը Եվրոպայի առաջնության մասնակցությունն է: Մենք ֆուտզալի ուժեղագույն հավաքականներին չենք զիջում: Մեր գործում նաև կարևոր է հոգեբանական պահը և մեր թիմի տղաներն արդեն որսացել են այն: Մեր խմբի ֆավորիտը Ղազախաստանն է, բայց հարգանքով ենք մոտենում բոլոր թիմերին»,-ասաց մասնագետը:

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ընտրական փուլի հաջորդ խաղերին կսկսի նախապատրաստվել հունվարի 25-ից: Մրցաշարային աղյուսակում ազգային թիմն այժմ երկրորդն է, սակայն հավասար` 4 միավոր ունի առաջատար Ղազախաստանի հետ: Ալբանիայի հետ առաջիկա հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին` Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս