Բայդենը հաստատել է 2025 թ. ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 895 մլրդ դոլարի չափով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով հաստատել է 2025 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
Նշվում է, որ փաստաթղթով կատարվում են 2025 ֆինանսական տարվա հատկացումները հիմնականում պաշտպանության նախարարության ծրագրերի և ռազմական շինարարության, Էներգետիկայի նախարարության ազգային անվտանգության ծրագրերի, Հետախուզության և Պետքարտուղարության ծրագրերի համար, սահմանվում են զինվորական հիմնական աշխատավարձի բարձրացում և ԱՄՆ զինված ուժերին առնչվող այլ լիազորություններ։
Դեկտեմբերի 18-ին Սենատը քվեարկել էր 895 միլիարդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի ընդունման օգտին 85 «կողմ», 14 «դեմ» ձայնով։ Իսկ մինչ այդ պաշտպանական բյուջեն 281 «կողմ», 140 «դեմ» ձայների հարաբերակցությամբ նաև ընդունել էին Ներկայացուցիչների պալատում։
The Hill հրատարակության տվյալներով՝ բյուջեն նախատեսում է միջոցների հատկացում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների ներկայությունն ուժեղացնելու, նոր ցամաքային տեխնիկա և ինքնաթիռներ արտադրելու, նավեր կառուցելու, ինչպես նաև ԱՄՆ զինված ուժերի բոլոր ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար: