Ութից յոթը՝ ՀՀԿ, մեկը` ՕԵԿ
Մայիսի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում: Այստեղ ավագանու նոր անդամներ են ընտրելու:
Համայնքում հետաքրքիր նախընտրական իրավիճակ է ստեղծվել: Ինչպես տեղեկացանք ԿԸՀ-ի պաշտոնական կայքից, ավագանու անդամների թափուր տեղերի համար Դարանակ գյուղում ՀՀԿ-ն միանգամից 6 թեկնածու է առաջադրել: Առաջադրվածների ընդհանուր թիվը 8-ն է: Բացի ՀՀԿ-ի կողմից առաջադրված 6 թեկնածուներից, մյուս 2-ն ինքնաառաջադրվել են: Վերջին 2-ից մեկն, ի դեպ, դարձյալ ՀՀԿ անդամ է, մյուսը` ՕԵԿ: ՀՀԿ առաջադրած թեկնածուներից 2-ն անկուսակցական են, 4-ը` ՀՀԿ անդամ:
Հիշեցնենք, որ Դարանակում ավագանու անդամների արտահերթ ընտրություններ էին նշանակվել այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել ավագանու անդամ Մամիկոն Կարապետյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Պատճառը. ավագանու այս անդամը 1 տարվա ընթացքում բացակայել էր ավագանու նիստերի կեսից, անհնարին դարձնելով նիստերի անցկացումը:
Բանն այն է, որ 2011 թվականի մարտի 29-ին Դարանակում ավագանու ոչ թե 5 անդամ էր ընտրվել, ինչպես օրենքն է սահմանում, այլ` 3: Եվ դրանցից մեկի բացակայությունն անհնար էր դարձրել նիստերի անցկացումը, ուստի ՀՀ կառավարությունը համայնքում նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել: