Մեր անվտանգության մակարդակը հենված էր երկու սյան վրա՝ Ղարաբաղ և Հայաստան. հիմա մեկը կորցրել ենք, էդ ի՞նչ «էստի համեցեք»-ներ ենք անում». Վարդան Խաչատրյան
«Այն անվիճելի առանցքը, որը թե՛ Եվրոպան, թե՛ Ամերիկան պահելու են, Մեծ Թուրան ծրագիրն է: Մեծ Բրիտանիան դա է ուզում: Հիմա եթե նա ասում է՝ 102-րդ ռուսական ռազմաբազան հանեք, սա արե՛ք, նա արե՛ք, գնացե՛ք Ռուսաստանի դեմ, հայտարարե՛ք, որ Ռուսաստանը պետք է վճարի ինչ-որ բաների համար, տարածքներ պիտի տա Հայաստանին, արվում է միայն մի բանի համար՝ որ Սիրիայում սկիզբ առած ալիքն անցնի Հայաստանի վրայով, որովհետև ինչպես իրենք, մասնավորապես՝ Ալիևն է հայտարարում, Հայաստանը ժանգոտ սեպ է՝ մեխված Թուրան ծրագրի սրտում: Եվ այդ սեպը վերացնելու ամենակարճ ճանապարհը ռուսական ռազմաբազան այստեղից դուրս հանելն է, Ռուսաստանին ֆինանսատնտեսական, տարածքային անհասկանալի պահանջներ ներկայացնելը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում կամայական ճգնաժամի ժամանակ Ռուսաստանը կաշխատի իրեն հեռու պահել Հայաստանից:
«Հիմա արդյո՞ք այս մարդիկ Հայաստանի բարօրությունն են ուզում, երբ նման պահանջներ են հնչեցնում: Ցունամին բարձրանում է, սկսվում են կռիվներ, որոնք տարածվելու են ամբողջ տարածաշրջանով, շոշափելու են Պարսկաստանը և Թուրքիայի ուղղորդմամբ հասնելու են այստեղ: Եթե մենք գնում ենք էդ քայլերին, դրանով «էստի համեցե՛ք» ենք ասում, ուզում ենք, որ այդ ցունամին անցնի մեր վրայով, որովհետև ռազմաբազան հանեցիր, ռուսական ողջ սահմանապահ բանակը պիտի հեռանա: Սրանք քայլեր են, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի ծայրահեղ փոփոխությանն ու, ի վերջո, կործանմանը»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Վերջինս նկատեց՝ դրանից հետո բարդ է ասել՝ երբևէ կհաջողվի՞ մեզ վերականգնել մեր պետությունը, թե՞ ոչ:
«Ոչ ոքի թող չթվա, որ Ղարաբաղը՝ որպես այդպիսին, որ կորցրինք, նրա դիմաց ձեռք ենք բերել պաշտպանվածություն, կամ մեր անվտանգության մակարդակն է բարձրացել: Մեր անվտանգության մակարդակը հենված էր այդ երկու սյան վրա՝ Ղարաբաղ և Հայաստան: Հիմա մեկը կորցրել ենք, էդ ի՞նչ «էստի համեցեք»-ներ ենք անում»,- ասաց նա:
Վարդան Խաչատրյանը նշում է՝ այն մարդիկ, ովքեր ուզում են, որ ռուսական ռազմաբազան հեռանա այստեղից, թող պատասխանեն՝ ո՞վ է գալու նրանց փոխարեն:
«Ո՞վ է այդ սահմանը պահելու: Թուրքական 3-րդ բանակը որ եկավ, 100 000-ից ավելի մարտական փորձով զորք, ո՞վ է պահելու: Հա, մենք ենք գնալու, զոհվելու ենք մեր հայրենիքի համար, բայց մեզ արտաքին սատարում պե՞տք է, թե՞ ոչ: Մի անգամ տեսանք՝ վարած քաղաքականության հետևանքով ոնց իզոլացվեց Հայաստանը»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: