«Եթե գերիների հարցով պետք է քաղաքացիները զբաղվեն, իշխանություններն էլ ինչի՞ համար են նստած այդ աթոռներին». Արգամ Հովսեփյան

Ադրբեջանն Ալիևի գլխավորությամբ տարբեր միջազգային հանդիպումներում, գիտաժողովներում խոսում և հայտարարություններ է անում «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ ասելով, որ «ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ Հայաստան նրանց վերադարձի մեխանիզմների շուրջ»։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը միջազգային որևէ ատյանում չի խոսում Բաքվում ապօրինի պահվող պատանդների, գերիների մասին։ Գերիների, պատանդների մասին սեպտեմբերին ՄԱԿ ամբիոնից նույնիսկ չխոսեց Նիկոլ Փաշինյանը։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի խոսքով՝ հավանաբար կգա ժամանակը, ու բոլորի համար պարզ կդառնա, թե ինչու են ՀՀ օրվա իշխանությունները խուսափում խոսել գերության մեջ պահվող իրենց քաղաքացիների մասին, չնայած ամեն ինչ պարզ է։

«Նախ, մեր գերիներն ի՞նչ պատճառով են հայտնվել Բաքվում, նրանք հայրենիքի պաշտպանության, հայրենիքի համար են գերեվարվել։ Նրանց հարցով պետք է միայն ու միայն զբաղվի երկրի իշխանությունը, իհարկե, սովորական քաղաքացին չի կարող վերադարձնել գերիներին։ Եթե գերիների հարցով պետք է քաղաքացիները զբաղվեն, իշխանություններն էլ ինչի՞ համար են նստած այդ աթոռներին։

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի իշխանությունը մեր պատանդների, գերիների հարցով չի զբաղվում»,- 168.amի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ եթե ուսումնասիրենք իշխանությունների վերջին տարիներին տված ցանկացած հարցազրույց, հայտարարություն, կտեսնենք՝ որևէ տեղ գերիների թեման արծարծված չէ։

«Ոչուփուչ Ալիևը ցանկացած առիթով օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, սրանք վախենում են մի խոսք ասեն Բաքվում պահվող մեր պատանդների, գերիների մասին։ Վախենում են խոսք ասեն դաշտային ու Լեռնային Արցախի մասին, խոսք ասեն Սյունիքի զավթված տարածքների, Նախիջևանի, էլ չեմ ասում՝ Արևմտյան Հայաստանի մասին։ Հետո կպարզվի, թե ինչո՞ւ չեն խոսում, այս լռության պատճառները հետո կպարզվի»,- հավելեց Արգամ Հովսեփյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ գոնե այսօր ժողովրդավար պետությունները պետք է բարձրացնեն հայ գերիների, պատանդների հարցը, օրինակ, Միացյալ Նահանգները, սակայն բոլոր երկրներն իրենց շահն են հետապնդում, այդ թվում՝ Ռուսաստանը։

Ինչ վերաբերում է Տեղ համայնքի ընդհանուր իրավիճակին, Արգամ Հովսեփյանն ասաց, որ այս պահին վիճակը նորմալ է, թշնամու հսկողության տակ շարունակում են մնալ հայկական հողերը՝ Տեղ համայնքից, Արավուսից։

«Ես հույս ունեմ, որ այս հողերը կվերադարձնեն, թե չէ այսպես շարունակվել չի կարող։ Այս հարցը պետք է լուծենք, հո մեր հողերը չպե՞տք է թողնենք նրանց հսկողության տակ»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Տեսանյութեր

Լրահոս