Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր հնչեցրած «հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկական ենթատեքստ չի եղել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է խորհրդարանական ընտրություններից հետո հնչած խոսքերը դրանց կեղծման մասին։ Այդ ժամանակ Associated Press-ի հետ զրույցում նա հայտարարել է «հայկական կարուսելի» կիրառման մասին, որը սկանդալ է հարուցել, գրում է « «Эхо Кавказа»-ն։
«Ուզում եմ ասել ազգությամբ հայ (Վրաստանի քաղաքացիների) և հայերին (հարևան երկրում), որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։ Այդ «հայկական կարուսելում» որևէ էթնիկ երանգավորում չկար»,- նշել է Զուրաբիշվիլին։
Ըստ Վրաստանի նախագահի՝ ինքն առաջին անգամ լսել է այդ «եզրույթը», երբ Էդուարդ Շևարդնաձեի օրոք վերադարձել է Վրաստան։ Կեղծիքի նույն եղանակը, ըստ նրա, կիրառվել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։
«Եթե չեմ սխալվում, Հայաստանում էլ դա «վրացական կարուսել» են անվանում: Դրա մեջ ընդհանրապես էթնիկ պատկանելություն չկա»,- հավելել է նա: