«Որևէ մեկը հույս ուներ, որ թշնամին մեզ տարածք կվերադարձնի՞. Վաղը-մյուս օրը թշնամու համար հեշտ է լինելու այդ տարածքների գրավումը». Միհրան Մախսուդյան

Արդեն երկու անգամ Անվտանգության խորհրդի գրասենյակը հայաստանյան հասարակական կազմակերպությունների անդամների այց է իրականացնում Տավուշ, մասնավորապես՝ Կիրանց, որտեղ գարնանը տեղի ունեցավ սահմանագծում, և գյուղի մի մասը՝ մի քանի տներով հանդերձ, անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ի դեպ, առաջին այցի ժամանակ գրեթե լրագրողներ չկային, միայն հասարակական կազմակերպության անդամներ էին, սակայն երկրորդ անգամ ընդգրկել էին նաև մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Այս ամենին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեծանիվ վարել, կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ամանորյա ֆոտոսեսիաներ անել և նրա հետ «հուժկու պայքար տանել տգիտության դեմ»։

Կիրանց գնացող հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց տանում է Անվտանգության խորհրդի գրասենյակը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հորդորում մոտենալ Կիրանցի սովորական գյուղացիներին և հարցնել՝ Կիրանցն անվտա՞նգ է։

Կարդացեք նաև

«Շփվում են միայն գյուղապետի հետ, դե, գյուղապետն էլ իրենց մարդն է։

Տիգրան Խզմալյանին էին բերել, նա մինչև հիմա Կիրանցն ու Ոսկեպարը չի տարբերում իրարից, նա չի կարողացել ընկալել, որ Կիրանցի պատը Ոսկեպարի պատը չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միհրան Մախսուդյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզում 30 տարի շարունակ առաջնագիծ են ամրացրել, և եթե այսօր այն քանդել են, բնականաբար, երկար տարիներ են պետք առաջնագիծը վերականգնելու համար։

«Այն պաշտպանությունը, որը եղել է ամբողջ ԶՈՒ-ում, եղել է 3-րդ բանակային կորպուսում, որ ամուր ինժեներական պաշտպանություն է ունեցել։ Այսօր այս ամրաշինական կառույցների մի մասը քանդվել է՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր հատվածներում։ Վաղը-մյուս օրը հակառակորդի համար հեշտ է լինելու այդ տարածքների գրավումը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Տավուշից որոշ հատվածներ թշնամուն հանձնելու դիմաց հայկական կողմն ի՞նչ է ստացել, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս հարցին կա՛մ չեն պատասխանում, կա՛մ հայտարարում են, որ մասնագետ լինելու դեպքում՝ կհասկանան, թե ինչ է շահել հայկական կողմը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ հայկական կողմը որևէ բան չի ստացել։

«Ինչո՞ւ որևէ մեկը հույս ուներ, որ թշնամին մեզ տարածք կվերադարձնի։ Իշխանության մասնագետը թող ինձ զանգահարի ու ապացուցի, որ հայկական կողմը որևէ բան է ստացել։ Կարող եմ իրեն պատասխան տալ, եթե, իհարկե, կա մասնագետ, թող ապացուցեն, թե ի՞նչ տարածք ենք ստացել Տավուշում»,- շեշտեց պահեստազորի գնդապետը։

Հարցին՝ վերջին 2-3 շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները չեն խոսում խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, հասկացե՞լ են, որ Ալիևն այդ պայմանագիրը չի ստորագրելու, Միհրան Մախսուդյանը պատասխանեց.

«Ալիևը նախ հույս չի տվել, որ այս պայմանագիրը ստորագրելու է, քանի իր բոլոր պայմանները չի կատարել ՀՀ իշխանությունը։ Սահմանադրությունը փոխելու, օրինակ, Վազգեն սպարապետի արձանը բոլոր տեղերից հանելու, Վազգենին, Մոնթեին ու մյուս հերոսներին արժեզրկելու… Եվ աստիճանաբար հասնելու են նրան, որ բոլոր հերոսներին, մշակութային արժեքները փորձելու են ջնջել։ Միայն դրանից հետո Ալիևը կասի՝ եկեք ստորագրենք։ Միշտ ասել եմ՝ Ալիևը հեշտությամբ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով, թե «հայ-ադրբեջանական սահմանին հայտնված առաջին սահմանային սյունն է»։

Նրա խոսքով՝ Տավուշի մարզը երբևէ այնքան անվտանգ չի եղել, ինչպես այսօր է, մինչդեռ այսօր Կիրանցի դպրոցը գտնվում է թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա, իսկ գյուղը՝ ուղիղ թշնամու նշանառության տակ։

Տեսանյութեր

Լրահոս