Բաժիններ՝

Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

Գիտնականները հերքել են անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։

American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան տարածաշրջանում ապրել են դեռ բրոնզի դարում: Հոդվածում նշվում է, որ հայերի պատմությունը վաղուց գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ունեն իրենց առաքելական եկեղեցին, այբուբենը և լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղին:

«Անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի հաղորդումների շնորհիվ՝ վարկած է առաջացել, որ հայերի նախնիները Կովկաս են տեղափոխվել Բալկաններից և մասնավորապես Թրակիայից։ Այդ վարկածը հետագայում մատնանշվեց որոշ լեզվաբանների կողմից: Այնուամենայնիվ, ժամանակակից ապացույցները ցույց են տալիս, որ գենետիկորեն նման բնակչություն այս տարածաշրջանում ապրել է առնվազն բրոնզե դարում: Ավելին, ժամանակակից հայերի նախնիների մի զգալի մասը, ըստ ամենայնի, բնակվել է Հայկական լեռնաշխարհում դեռ նեոլիթյան դարաշրջանում»,- ասված է հոդվածում։

Դուբլինի Թրինիթի քոլեջից Անահիտ Հովհաննիսյանը 9 երկրների գիտական ​​կազմակերպությունների գործընկերների հետ ներկայացրել է հայերի ժողովրդագրական պատմության հետազոտությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ գիտնականները կարդացել են մարդկանց 34 ամբողջական գենոմ, որոնց նախնիների չորս սերունդներն իրենց համարում էին հայ ժողովրդի ներկայացուցիչներ։ Բացի այդ, հետազոտողներն ընդլայնել են հետազոտության շրջանակը՝ ընդգրկելով գենոմի ամբողջ տվյալներով ևս 23 անհատների, ինչպես նաև ներկայացրել նախկինում հրապարակված հին և ժամանակակից գենոմներին առնչվող տվյալներ:

«Այս գենոմների ուսումնասիրությունը հաստատել է, որ Հերոդոտոսը սխալվում էր, երբ ասում էր, որ հայերի նախնիները գաղթել են Բալկանյան թերակղզուց։ Ժամանակակից հայերը ներկայացնում են բավականին միատարր բնակչություն։ Գենետիկան նաև հաստատել է, որ ժամանակակից հայերի որոշ նախնիներ ապրել են Կովկասում դեռևս նեոլիթյան դարաշրջանում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր հնագույն գենոմների լայնածավալ ուսումնասիրության շրջանակում»,- ասված է հոդվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս