Մարմնական հաճույքներ՝ կառավարությունից մինչև ԱԺ 

Անցած մի քանի օրերին հանրային-քաղաքական դաշտը փոթորկած պաշտոնանկություններն իրականում որևէ աղերս չունեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, և, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի վերադասավորումներն են սեփական աշխատակազմում, որին իներցիայի ուժով ոմանք դեռ քաղաքական թիմ են անվանում։

Նախարարները, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներն իրականում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն են՝ ոչ թե կառավարության աշխատակազմի իմաստով, այլ՝ որպես շարքային վարձու աշխատողներ։ Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020թ հետո զբաղված է Հայաստանի վաճառքով՝ այդ հասկացության առնվազն փոխաբերական իմաստով, ապա նրա բոլոր ենթակաները «վաճառքի մենեջերներ» են, ինչպես հիմա ընդունված է անվանել այս կամ այն ապրանքի, ծառայության իրացմամբ զբաղվող ընկերությունների միջին և բարձր մակարդակի պաշտոնյաներին։

Արդեն աշխատանքից ազատված բոլոր նախկին և այս օրերին աշխատանքի ընդունվող նոր պաշտոնյաներն իրականում սպասարկում էին/են Փաշինյանի այն քաղաքականությունը, որի վերջնանպատակը Հայաստանի պետականության բովանդակային ավարտն է՝ գուցե ձևական պետության պահպանման հեռանկարով։

Հետևաբար՝ այդ պաշտոնանկությունների շուրջ առաջացած քննարկումը մեծ հաշվով որևէ իմաստ չուներ, բացի նրանից, որ հերթական անգամ ակտիվացրեց քաղաքական դաշտը՝ երկրորդական դարձնելով Հայաստանի համար կարևոր թիվ մեկ՝ Նիկոլ Փաշինյանի  պաշտոնանկության հարցը։

Կարդացեք նաև

Բայց այս աղմուկի մեջ գրեթե անուշադրության արժանացավ այն, ինչն իրականում շատ ավելի կարևոր ու վտանգավոր էր ու վկայում էր փաշինյանական ավտորիտարիզմի այլասերման նոր փուլի մասին։

Ուժային նախարարների և այլ նշանակովի պաշտոնյաների հետ միասին մանդատն ամենայն հավանականությամբ վայր կդեն ՔՊ-ի երկու պատգամավորներ։ Նրանցից մեկը՝ Զեյնալյանը, արդեն իսկ հայտարարել է, թե «սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է մանդատից», մյուսը՝ Հովիկ Աղազարյանը, դեռևս դիմադրում է, բայց հավանական է, որ կհետևի առաջինի օրինակին, քանի որ արդեն իսկ ինչ-որ քրեական գործով հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Տվյալ դեպքում պատգամավորների անուններն էական չեն։

Կարևորն այն է, որ, ի տարբերություն նշանակված պաշտոնյաների, որոնց Փաշինյանը կարող էր համարել իր ծառաները և այդպես էլ համարելով՝ ազատեց աշխատանքից, պատգամավորներն առաջնային քաղաքական մանդատ ունեցող մարմնի անդամներ են, որոնք ըստ Սահմանադրության՝ ներկայացնում են ամբողջ ժողովրդին։ Հատկապես խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պատգամավորի կարգավիճակը քաղաքական մանդատի, ներկայացուցչական իշխանություն կրելու իմաստով շատ ավելի բարձր է, քան անգամ վարչապետինը, ում, ի դեպ,  ընտրում են հենց պատգամավորները։

Այսինքն՝ իրականում պատգամավոր-վարչապետ հարաբերություններում պաշտոնանկ անելու հնարավորություն ունեն պատգամավորները և ոչ՝ հակառակը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, անվանապես անկարևոր պատգամավորներին ստիպելով «ինքնակամ վայր դնել մանդատը», ցույց տվեց, որ ժողովրդի առաջնային մանդատ ունեցողներն ունեն նույն՝ «վաճառքի մենեջերների» նշանակությունը, և նրանք նույնպես ենթակա են իր կամքին։ Խնդիրը, կրկին, մանդատից հրաժարվածների անձը չէ, այլ երևույթի ինստիտուցիոնալ, քաղաքական նշանակությունը, որը հակիրճ արտահայտվում է նրանով, որ Հայաստանում այլևս գործում են ոչ թե պետական իշխանության ու պետական կառավարման մարմիններ, այլ ընդամենը մեկ մարմին, որը պետական ինստիտուտների հետ վարվում է սեփական մարմնի, այլ խոսքով՝ մարմնական հաճույքների հանգույն։

 Սափրվելը դեռ սկիզբն է։ Եվ միայն երևացող մասը։ 

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս