Գյումրիում համայնքային մոտ 2000 աշխատող աշխատավարձ չի ստացել, սպասում են մինչև նոյեմբերի 15-ը

Գյումրիում համայնքային 2000-ից ավելի աշխատակիցներ, արդեն մեկ ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Այս իրավիճակը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին Գյումրիում «Բալասանյան» դաշինքը վայր դրեց իր մանդատները, ինչպես պնդում են բազմաթիվ գյումրեցիներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ճնշումների ներքո։ Արդյունքում՝ 2000 մարդ սպասում է իր աշխատավարձին, քանի որ ունեն բազմաթիվ ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է կատարեն՝ վարկեր, կոմունալ վճարումներ, տան վարձավճարներ, և այլն։

Ըստ գյումրեցիների, համայնքապետարանի այն պաշտոնյան, որը կարող էր ֆինանսական այս պարտավորությունները կատարել՝ աշխատավարձ տալ, կալանքի տակ է, իսկ մյուս փոխքաղաքապետը հրաժարական է տվել։

Ստեղծված իրավիճակի բարդ լինելը չեն թաքցնում նաև իշխանության տարբեր ներկայացուցիչներ, պատգամավորներ, բայց թե ինչպես պետք է լուծեն խնդիրը, չեն ասում, միայն մեկ բան են հայտարարել՝ Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։

Գյումրիում երաժշտական տարբեր դպրոցներ ու մանկապարտեզներ սպասում են մինչև նոյեմբերի 15-ը, քանի որ այդ ժամանակ է վերջնաժամկետը, որ պետք է աշխատավարձ ստանան։

Կարդացեք նաև

Գյումրու Խաչատուր Ավետիսյանի  թիվ 7 երաժշտական դպրոցում աշխատակիցների շրջանում աշխատավարձ ստանալու հետ կապված կան դժգոհություններ, սակայն դեռևս չեն բողոքում, քանի որ հույս ունեն, որ իրենց աշխատավարձը հաշված օրերի ընթացքում կստանան։

168.am հետ զրույցում երաժշտական դպրոցի տնօրեն Վաչիկ Սանոյանը փոխանցեց, որ սպասում են որոշման, թե ինչպես պետք է ստանան աշխատավարձը։

«Համայնքապետարանի կառույցներից որևէ մեկը դեռևս աշխատավարձ չի ստացել։ Բնականաբար, այս ամենն աշխատակիցների մոտ դժգոհություններ է առաջացնում, բայց հույսով սպասում են, որ կստանան։ Ինչպե՞ս կլինի, որ աշխատեն ու աշխատավարձ չստանան, կարծում եմ՝ կկարգավորվի այս հարցը, սպասում ենք»,- եզրափակեց երաժշտական դպրոցի տնօրենը։

Գյումրու «Փարոս» մանկապարտեզում նույնպես սպասում են իրենց աշխատավարձերը ստանալուն։

Մանկապարտեզի տնօրեն Արմինե Կարապետյանը 168.am-ին փոխանցեց՝ իր աշխատակիցներից որևէ մեկն աշխատավարձ չի ստացել։

«Հուսով ենք, որ մինչև նոյեմբերի 15-ն աշխատավարձերը կվճարեն։ Իհարկե, աշխատավարձի չստանալը մեր աշխատանքները չի խաթարել, օրենքով մինչև նոյեմբերի 15-ն է, կսպասենք մինչև այդ ժամանակ։ Մենք հույս ունենք, որ այս հարցը կկարգավորվի, որովհետև մարդիկ չեն կարող աշխատել ու աշխատավարձ չստանալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԿԸՀ-ն հայտնել էր որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:

Գյումրիի իշխող՝ «Բալասանյան» դաշինքն այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։

ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին՝ ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց՝ տնային կալանքի տակ է։

Հ.Գ. Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները պրպտումների մեջ են, թե ինչ մեթոդ գտնեն, որպեսզի կարողանան մինչև նոյեմբերի 15-ը 2000 մարդու աշխատավարձը տալ, հակառակ պարագայում՝ համայնքապետարանը պետք է մեծ տույժ ու տուգանք վճարի։

Տեսանյութեր

Լրահոս