Արդարադատության միջազգային դատարանը մերժեց «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի 2 առարկությունները
Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ հրապարակեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։ Հրապարակային նիստը տեղի ունեցավ Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կարդաց Դատարանի վճիռը։
Դատարանը մերժեց Ադրբեջանի երկու առարկությունները։ Դատարանը տեղեկացրեց, որ առաջին առարկությունը մերժվել է 16 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ադրբեջանի երկրորդ առարկությունը ևս մերժվել է 15 կողմ, 2 դեմ ձայնով։ Դատարանը յուրաքանչյուր առարկության մերժումից առաջ երկար բացատրություն ներկայացրեց, փաստաթուղթը հասանելի կլինի դատարանի պաշտոնական կայքէջում քիչ անց։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:
2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի նախագահի սահմանած ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:
2023-ի օգոստոսի 21-ին Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ Իսկ այս տարվա ապրիլի 15-19-ը կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը: