«Էլիտբաս»-ը դարձյալ օգնության է հասել ՆԳՆ-ին. ծառայությունների մատակարարման հերթական արժեքը 30 միլիոն 829.870 դրամ է
Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվել է Ներքին գործերի նախարարության հրատապ մեկ անձից գնման ոչ մրցակցային ընթացակարգով հերթական գնումը։ Մատակարարը ՆԳՆ ֆավորիտներից է՝ «Էլիտբաս» ՍՊԸ-ն։
Օրերս կնքված պայմանագրի համաձայն՝ 30 միլիոն 829.870 դրամով ընկերությունը պարտավորվել է մատուցել ուղևորափոխադրող ավտոմեքենաների՝ միկրոավտոբուսների, ավտոբուսների վարձակալության (վարորդների հետ միասին) ծառայություններ ՆԳՆ տարբեր զորամասերի հասցեներով։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշվում է՝ գնումը ՆԳՆ ոստիկանության զորքերի 2024 թվականի կարիքների համար պետբյուջեով նախատեսված միջոցառման շրջանակում է։
Միայն այս տարի «Էլիտբասի»-ի և ՆԳՆ-ի միջև կնքվել է միլիոնավոր դրամների 7 պայմանագիր, որոնցից 3-ը՝ գնանշման հարցում գնման ընթացակարգով, 4-ը՝ հրատապ մեկ անձ։
Առհասարակ, ՆԳՆ և «Էլիտբաս» համագործակցության ակունքները ձգվում են մինչև 2020 թվականը, իսկ պետգնումների armeps համակարգում տեղ գտած տվյալների համաձայն՝ այս ընթացքում պետական գերատեսչությունն ընկերության հետ կնքել է շուրջ 25 պայմանագիր՝ մեկ անձ, գնանշման հարցում և հրատապ մեկ անձ՝ օրենքով հստակ պայմաններ պահանջող ընթացակարգերով․ պայմանագրերից ամենախոշորն արժեցել է 70 միլիոն դրամ։