«Արևմտյան Ադրբեջանն ամբողջությամբ տեղավորվում է Մեծ Թուրան պրոյեկտի մեջ». Հարություն Մեսրոբյան
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ահազանգում է՝ երբ թշնամին խոսում է Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի մասին, որի շրջանակում Հայաստանն անվանում է Ադրբեջան, այդ պարագայում անիմաստ է անգամ խոսել Խաղաղության որևէ պայմանագրի մասին, այն առոչինչ է, որովհետև խաղաղության համար երկու կողմի համաձայնություն է պետք, միայն Փաշինյանի խոսքը բավարար չէ։
«Արևմտյան Ադրբեջանն ամբողջությամբ տեղավորվում է Մեծ Թուրան պրոյեկտի մեջ, որը մշակել են անգլոսաքսերը, ինչը թուրքական ռազմավարություն է։ Այս պայմաններում էլ ի՞նչ Խաղաղության պայմանագիր։ Թուրքական կողմը տարբեր ձևերով իրականություն է դարձնելու Մեծ Թուրանի ծրագիրը, որում Հայաստան չկա»,– 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հարություն Մեսրոբյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հարավից մեկուսացնելու համար նախատեսված Մեծ Թուրանի ծրագիրն այժմ, առավել քան երբևէ, արդիական է։
«Հանրություն կոչեցյալը թող սա հիշի։ Այդ անգլոսաքսոնական նախագծի նպատակը Ռուսաստանին մեկուսացնելն է։ Հիմա նայեք, թե ի՞նչ է կատարվում Վրաստանում և Մոլդովայում. այնտեղի գրանտալափերը ցանկանում են գունավոր հեղափոխություն անել. նույնը կատարվում է նաև Մոլդովայում, նույնն ավելի վաղ կատարվել է Ուկրաինայում։ Մեծ խաղ է գնում, Հայաստանում մանկապարտեզի երեխայի պես խոսում են Խաղաղության պայմանագրից»,- ասաց Մեսրոբյանը՝ ընդգծելով՝ ռուսներն Ուկրաինայի օրինակով ցույց տվեցին՝ չեն շտապում, եթե առաջին փուլով անգլոսաքսերը փորձում են Ռուսաստանը խեղդել, երկրորդ փուլով ռուսները հասնում եմ խեղդողների մայրաքաղաք։
«Շվեդիան փորձեց՝ չստացվեց, Գերմանիան փորձեց՝ չստացվեց, այլ երկրներ փորձեցին՝ չստացվեց. բոլոր դեպքերում ռուսական սապոգը տրորելով անցել է, հասել այդ երկրների մայրաքաղաքներ, լավ, մի՞թե այս ամենը չեք հիշում, լավ, մի՞թե Հայաստանում կարոտել են ռուսական սապոգը»,- ասաց Մեսրոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։