4 միլիոն 800.000 դրամով ՍՊԸ-ն կմատուցի Բերդաշենի միջնակարգ դպրոցի որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն
Հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզում ոչ պաշտոնական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նաև Բերդաշենում էին։ Այցից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութով անդրադարձել էր նաև գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին՝ մասնավորապես տեղեկացնելով․ «Ծրագրի ընդհանուր արժեքը 717 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված կլինի 100 աշակերտի համար: Բերդաշենի հարևանությամբ՝ Արփի ազգային պարկի տարածքում Արփի լիճն է, որը զբոսաշրջային այցեքարտ կարող է դառնալ Շիրակի մարզի համար»։
Օրերս տեղեկացանք՝ Քաղաքաշինության կոմիտեն Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տիպային-մոդուլային շենքի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն է ձեռք բերել ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։
Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում հոկտեմբերի 29-ի թվագրությամբ հանրայնացված պայմանագրից տեղեկանում ենք՝ մատակարարը «Աստիճան» ՍՊԸ-ն է, իսկ պայմանագրի գինը 4 միլիոն 800.000 դրամ է։
Ի դեպ, այս ՍՊԸ-ն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ հիմնվել է 2008 թվականին Սիսիանում և պատկանում է Հայկ Անդրեասյանին, իսկ պետգնումների էլեկտրոնային համակարգի համաձայն՝ պետգնումներում է հայտնվել միայն 2020 թվականից՝ պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքելով միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր՝ գնման տարբեր ընթացակարգերով։
Միայն այս տարի ընկերության հետ կնքվել է 5 պայմանագիր, որոնցից 2-ը՝ ՀՀ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տիպային շենքի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության և ՀՀ Գեղարքունիքի մարզի գ․ Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային շենքի կառուցման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության (17 միլիոն դրամ արժողությամբ) պայմանագրերը՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով։