#ՀԻՄԱ․ ԲՈՂՈՔԻ ԵՐԹ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ․ #ՈՒՂԻՂ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև քիչ առաջ մեկնարկեց բողոքի ակցիա՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

«Կլիմայական պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության»․ մասնակիցների ձեռքերում այս գրությամբ պաստառներ են՝ տարբեր լեզուներով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով ցուցապաստառ։

«Պահանջում ենք, որ COP 29-ը, որ համարվում է աշխարհում ամենամեծ կլիմայական արդարությանը միտված համաժողովը, հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պ պաշտպանության հարցում։ Պահանջում ենք, որ COP 29-ը հյուրընկալի ոչ թե բռնապետական մի պետություն, որը 1 տարի առաջ ցեղասպանական գործողություններ իրականացրեց հայկական Արցախում, մարդու իրավունքների կոպտագույն խախտումով հայրենազրկեց մեր ժողովրդի մի հատվածին։ Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը չհյուրընկալի կլիմայական արդարության պաշտպանությանն ուղղված այս համաժողովը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը։

Պատգամավորի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատ արձակելուց բացի միջազգային հանրությունն անկախ հետաքննական մեխանիզմներ գործադրի Ադրբեջանի կողմից իրագործված և իրագործվող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ։

«Պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը, համամարդկային, ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների առաջնորդները դատապարտեն, հրաժարվեն և մասնակիցը չդառնան ադրբեջանական արյունալի պատմության հետագծի մաքրագործման հարցում»,- շեշտեց Կրպեյանը։

Մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին իրենց պահանջն ու բողոքն արտահայտող նամակ, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Տեսանյութեր

Լրահոս