Վարչապետի ամենահավանական թեկնածուները

Այսօր կամ վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակելու. ապրիլի 19-ին ավարտվում է սահմանադրությամբ նախատեսված ժամկետը, ըստ որի՝ նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել վերջինիս հրաժարականին հաջորդող տասն օրվա ընթացքում: Վարչապետի նշանակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում էլ պետք է ձևավորվի նոր կառավարության կազմը: Քաղաքական կուլիսներում ու մամուլում նոր վարչապետի ու կառավարության անդամների ամենազանազան ու զարմանազան անուններ են շրջանառվում:

Այդ անուններն, իհարկե, հետաքրքիր են առավելագույնը սպորտային հետաքրքրասիրության տեսանկյունից, քանի որ իշխանությունը շատ պարզորոշ ցույց է տվել, որ բովանդակային, որակական որևէ փոփոխություն նոր նշանակումներից պետք չէ սպասել: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից ու ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Հայաստանում կադրային փոփոխություններ են կատարվել առայժմ միայն ոստիկանական համակարգում: Հաշվի առնելով փոփոխված պաշտոնյաների պաշտոնների նշանակությունն ու կարևորությունն իշխանական համակարգում, ակնհայտ է, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել ոչ թե գերատեսչական, այլ քաղաքական որոշման արդյունքում: Այսինքն` իշխանությունն այդ փոփոխություններով շատ հստակ ուղերձ է հղել հանրությանը` ապագայում սպասվող փոփոխությունների վերաբերյալ:

Իսկ այդ փոփոխություններից ամենատեսանելին Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին Աշոտ Կարապետյանով փոխարինելու որոշումն էր: Այդ քայլով իշխանությունը ցույց տվեց, որ «վատին փոխում է ավելի վատով»: Բայց ամենազարմանալին ու տարօրինակը Վլադիմիր Գասպարյանի հիմնավորումն էր Աշոտ Կարապետյանի նշանակման վերաբերյալ: Հարցազրույցներից մեկում Ոստիկանապետն ասել է, որ վերջինիս նշանակել է Երևանի ոստիկանապետի պաշտոնում, որովհետև նագ երիտասարդ է:

Եթե ընդունենք, որ առաջիկա փոփոխությունների հիմքում ևս իշխանությունը դնելու է այս՝ «վատը՝ ավելի վատով, բայց երիտասարդ» սկզբունքը, ապա վարչապետի ամենահավանական թեկնածուները կարող են լինել ՀՀԿ-ական և ի պաշտոնե երիտասարդ Կարեն Ավագյանը, նույնքան ՀՀԿ-ական և համենայնդեպս` երիտասարդ Էդուարդ Շարմազանովը, ոչ այնքան ՀՀԿ-ական, այդուհանդերձ` երիտասարդ Տիգրան Ուրիխանյանը, և այդպես շարունակ: Երիտասարդությունը հաճելի, բայց որոշ դեպքերում` վտանգավոր հոգեվիճակ է: Հատկապես, երբ այդ երիտասարդները հասցրած են լինում արդեն իսկ զբաղեցրած լինել իրենց տարիքին ու կարողություններին, մեղմ ասած, չհամապատասխանող պաշտոններ:

Տեսանյութեր

Լրահոս