«Քրդերը կարող են դաշնային պետություն ունենալ Սիրիայում». թուրք լրագրող

Թուրք լրագրող Հասան Ջեմալն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և քրդական հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ընդգծել է, որ Սիրիայում այլընտրանքային լուծում կարող է գտնվել և եթե Թուրքիայում քրդական հարցը խաղաղությամբ լուծվի, պետք է քրդերը մտածեն, թե ինչպես են իրենք իրենց կարողանալու կառավարել:

«Սա ի՞նչ է. ուժեղացված ապակենտրոնացում: Այս ուժեղացումը մինչև ու՞ր է գնում. կարող է հասնել մինչև դաշնության»,-հավելել է նա:

Ջեմալը դաշնային պետություն ասելիս՝ նկատի է ունեցել դաշնություն, որը ներառում է և ամբողջացնում է սիրիաբնակ քրդերին Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող «Ռոժավայի ինքնավար շրջանում»:

Նրա խոսքով, դա կարող է լինել պետություն Սիրիայում, այն պարագայում, երբ Սիրիայի նախագահ Բաշար ա-Ասադը հետևի Իրաքյան Քուրդիստանի ձևավորման օրինակին և այդչափ ուժեղ գտնվի:

Թուրք լրագրողն ամփոփել է վերջին օրերին թե՛ թուրքական մերձիշխանավոր անձանց, և թե՛ ընդդիմադիրների կողմից քրդերի նկատմամբ որոշակի մեղմ և արտոնյալ քաղաքականություն վարելու բնույթ ունեցող հայտարությունները:

Խոսքը «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ներման և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի՝ քրդերին լայն իրավասություններ տալու և «Թուրքիայի պետության տերը դարձնելու» մեսիջների մասին է:

Նշենք նաև, որ Հասան Ջեմալը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռն է:

Տեսանյութեր

Լրահոս