«Այսպիսի խոստումներ վերջին 40 տարիներին տասնյակ անգամներ լսել ենք. երբ ընտրվում են՝ լրիվ մոռանում են մեր մասին». Հարութ Սասունյանը՝ Թրամփի հայտարարության մասին

ԱՄՆ նախագահական ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ նախագահի հանրապետական թեկնածու Դոլանդ Թրամփը գրել է, թե Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից:

«Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Թրամփը:

Արդյո՞ք սա ընդամենը նախընտրական խոստում է, ընտրվելու պարագայում Թրամփն արդյո՞ք կկատարի իր խոստումը, և ինչո՞ւ հենց ընտրություններից երկու շաբաթ առաջ Թրամփը հիշեց Արցախի մասին:

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Արցախի վերաբերյալ հայանպաստ հայտարարություն արել էր նաև նախագահի թեկնածու Քամալա Հարիսը. «Մի ամիս անց Թրամփի մարդիկ տեսան, որ Հարիսը մի բան է ասել, իրենք մտահոգվեցին, որ կարող են կորցնել ամերիկահայերի քվեները, իրենք էլ իրենց հայտարարությունն են անում: Թրամփի հայտարարությունն ընդհանրապես քրիստոնյաների մասին է, թեպետ հայերի մասին նշում է, բայց շեշտում է քրիստոնյաների պաշտպանությունը: Թրամփն ասում է, թե Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայերը վտարվում էին Արցախից, բայց Թրամփն ինքը 2020 թվականի պատերազմին ոչինչ չարեց, երբ Արցախի 75 տոկոսը և հազարավոր հայ զինվորներ կորցրեցինք: Թրամփը 2020-ին ոչինչ չարեց, 2023-ին՝ Բայդենը, երկուսն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, բայց այս հայտարարություններն ավելի շատ ընտրապայքարի խոստումների տեսակետից են: Այսպիսի խոստումներ վերջին 40 տարիներին տասնյակ անգամներ լսել ենք նախագահի թեկնածուներից, բայց երբ ընտրվում են՝ լրիվ մոռանում են մեր մասին, որովհետև ունեն շատ ավելի կարևոր հարցեր, քան հայկական հարցերով զբաղվելն է»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ և նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում ընդգծել էր. «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե ԱՄՆ հայ համայնքը պետք է հետևողական լինի և ստիպի նախագահի թեկնածուներին ընտրվելուց հետո կատարել նախընտրական խոստումները, որովհետև խոստումները հենց հայ համայնքին են տրվում, Հարութ Սասունյանը հետևյալն ասաց. «Դա անիմաստ խոսակցություն է, որովհետև 40 տարի մեզ հազար անգամ խոստումներ են տվել, բայց երբ ընտրվել են՝ մոռացել են: ԱՄՆ հայ համայնքն ընտրություններից հետո ոչինչ չի կարող անել, որովհետև ընտրվել են: Միակ բանը, որ կարող ենք անել և նախկինում արել ենք, երբ ընտրված թեկնածուն նորից ուզենա 4 տարի հետո երկրորդ անգամ նախագահի թեկնածու լինել, այդ ժամանակ մենք կասենք՝ քո խոստումը չես կատարել, հիմա ինչ ասես՝ չենք լսելու: Բայց այս պարագայում Թրամփն արդեն եղել է նախագահ, սա երկրորդ անգամն է, 4 տարի հետո նա նախագահի թեկնածու չի կարող լինել, և ընտրվելուց հետո ամերիկահայերը ոչինչ չեն կարող անել, պարզապես պետք է հուսան և սպասեն, որ ընտրվելուց հետո կկատարի խոստումները»:

Հարցին՝ Հայաստանի համար տարբերություն կա՞, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ, մեծ հաշվով որևէ բան փոխվելո՞ւ է ԱՄՆ քաղաքականության մեջ, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ երկուսն էլ ոչ մի բան չեն անելու, եթե չեն անելու, ի՞նչ է փոխվելու՝ ոչինչ: Բոլոր երկրներն էլ, եթե մի բան անում են, անում են իրենց երկրների շահերից ելնելով, ոչ թե՝ որ ուզում են հայերին օգնել: Հայերին օգնելը հարյուրերորդական հարց է»:

Տեսանյութեր

Լրահոս