Վերջին 3 շաբաթը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Որքան ես հիշում եմ, ամեն ընտրությունից առաջ ընդդիմադիրները հայտարարում են, որ անհրաժեշտ է միավորվել, որ այժմ գնում են բանակցություններ և այլն: Նրանք իրավացի են այն առումով, որ միայն միավորվելով, ուժերը համատեղելով է հնարավոր արդյունավետ հակազդել պետական մեքենային, որն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ իշխանության ձեռքում է:
Սովորաբար այդ բարի ցանկությունները մնում են խոսակցությունների մակարդակին. ամբիցիաները և ընդդիմադիր դաշտում ներքին պայքարը, ի վերջո, ավելի հզոր գործոններ են դառնում, քան հաջողություն գրանցելու ցանկությունը: Երևանի ավագանու ընտրություններն այդ համագործակցության մեխանիզմները փորձարկելու լավագույն հնարավորությունն են այն պատճառով, որ այստեղ գաղափարական տարբերությունները որևէ նշանակություն չունեն:
Պառլամենտի կամ, առավել ևս, նախագահի պաշտոնի դեպքում մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ասենք, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը տարբեր տեսակետներ ունեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, կամ՝ որ «Ժառանգությունն» ուզում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ մնացածը չեն ուզում: Հիմա խոսքը մայրաքաղաքի արդյունավետ ղեկավարման մասին է, որի դեպքում նշանակություն չունի՝ դու սոցիալ-լիբերալ ես, թե ազգայնական:
Ի դեպ, երբ 1992 թվականին Երևանի քաղաքային խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ անդամ չհանդիսացող Վահագն Խաչատրյանը, դա միայն օգուտ բերեց մայրաքաղաքին:
Սակայն այսօրվա բարենպաստ իրավիճակը, կարծես թե, չի օգտագործվում: Նախ՝ ըստ էության, մերժվեց ՀԱԿ-ի առաջարկը՝ միասնական ցուցակով հանդես գալու, այնուհետև՝ անարդյունք ավարտվեցին ՀՅԴ-ԲՀԿ-«Ժառանգություն» բանակցությունները:
Ավագանու ընտրություններում պայքարող կուսակցությունները թեև խոստանում են իրար վրա «տակառ չգլորել», բայց իրականում լավ էլ գլորում են՝ հուրախություն իշխանությունների, որոնց դեմ նրանք բոլորը իբր պայքարում են: Այս առիթով երևի թե արժե հիշեցնել հարգարժան կուսակցականներին, որ մինչև Երևանի ավագանու ընտրությունները մնացել է երեք շաբաթից էլ քիչ, և գոնե ընտրությունները վերահսկելու մեխանիզմը պետք է ստեղծել հիմա, ոչ թե քվեարկության օրը:
Այսօր, կարծես թե, քաղաքական դաշտում հասունանում է այն միտքը, որ ընտրություններում հնարավոր չէ «հաղթել» հետընտրական գործընթացների՝ հանրահավաքների, բողոքների միջոցով՝ դա կռվից հետո բոունցքներով թափահարելն է: Հաղթանակը պետք է գրանցել ընտրական տեղամասերի արձանագրություններով: Իսկ դա հնարավոր է միայն 4 կուսակցությունների համակարգված աշխատանքի միջոցով:
Այդ (և ոչ թե բարոյախրատական) լույսի տակ պետք է դիտարկել Տեր-Պետրոսյանի վերջին «մեսիջները» Ծառուկյանին: Եթե դրանք «չլսվեն», ինչպես որ դա եղավ նախագահական ընտրություններից առաջ, ուրեմն դրանք իմաստ չունեին: Եթե «լսվեն», ապա այդ ռևերանսները միանգամայն արդարացված են»: