Բաժիններ՝

Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին, G7-ը դիվանագիտական լուծման կոչ է արել

Իսրայելը գիշերը ռմբակոծել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ։ Մինչ այդ Իսրայելը հայտարարել էր Լիբանանում իր կորուստների մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելը հայտարարել է, որ Բեյրութին ճշգրիտ ավիահարված է հասցրել։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը թիրախավորել է Բեյրութի կենտրոնական Բաչուրայի շրջանը, որի մերձակայքում է գտնվում երկրի խորհրդարանը։ Լիբանանի առողջապահական իշխանությունները հայտնել են 6 զոհի և 7 վիրավորի մասին։ Իսկ վերջին 24 ժամում երկրում իսրայելական հարվածներից զոհերի թիվը կազմել է առնվազն 46։

Եվս երեք հրթիռ հարվածել է Բեյրութի հարավային Դահիյե արվարձանին, որտեղ անցյալ շաբաթ սպանվել էր «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը։ Իսկ հոկտեմբերի 2-ին Բեյրութի հարավային արվարձանների վրա տասից ավելի հարված էր իրականացվել։
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի գյուղերի տարհանված բնակիչներին կոչ է արել չվերադառնալ տուն, մինչև հետագա ծանուցում կտրվի։Իսրայելը նաև հայտնել է, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողության ժամանակ 8 զինծառայող է զոհվել։ Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ Լիբանանում ցամաքային գործողություններին միացել են հետևակային ստորաբաժանումները։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտնել էր իսրայելական ուժերի հետ բախումների մասին՝ հավելելով, որ Մարուն էլ Ռաս սահմանամերձ քաղաքում հրթիռներով ոչնչացրել է իսրայելական երեք տանկ։Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա, իսկ հաջորդ օրը հայտնել էր, որ հարձակումն ավարտված է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի սատարի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, եթե Իսրայելը պատասխանի Թեհրանի հարձակմանը։ Նա կոչ էր արել Իսրայելին գործել «համաչափ»։ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը միացել է Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներին՝ համակարգելու Իրանի գործողություններին արձագանքը, որը կարող է ներառել նաև Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը։ 

G7-ի երկրները հայտարարություն են տարածել՝ լուրջ մտահոգություն հայտնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի առնչությամբ և նշել, որ դեռ հնարավոր է հասնել դիվանագիտական լուծման, քանի որ տարածաշրջանային ավելի մեծամասշտաբ հակամարտությունը ոչ ոքի շահերից չի բխում։ Չինաստանն իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացման համար։ Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։

Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։  Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս