ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մտահոգություն են հայտնել Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության վերաբերյալ
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ շարունակում են լարվածությունը նվազեցնելու ջանքերը:
«Այս վտանգավոր իրավիճակի ցանկացած հետագա սրացում կարող է ունենալ հեռուն գնացող և կործանարար հետևանքներ ոչ միայն նրանց համար, ովքեր ապրում են Կապույտ գծի երկու կողմերում (Լիբանանի և Իսրայելի սահմանը), այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։
Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ և բժիշկներ։
Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։
Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։