«Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում». թուրք լրագրող
Թուրք լրագրող Ռուշեն Չաքըրը «Medyascope TV»-ի կայքում տեղ գտած հոդվածում փորձել է բացատրել, թե ինչու է Էրդողանն այդքան ցանկանում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ինչո՞ւ է Էրդողանը համառում հանդիպել Ասադի հետ. 4 պատճառ» վերնագրով հոդվածում հեղինակը տվել է իր իսկ հարցի պատասխանը՝ լուսաբանելով իրավիճակն իր տեսանկյունից:
Որպես առաջին պատճառ` լրագրողը նշել է այն, որ Էրդողանին այլ ընտրություն չի մնացել, քան այն, որ ընդունի Սիրիայում Ասադի վարչակազմի գոյությունը։
Որպես երկրորդ պատճառ՝ նշվում է այն, որ անկախ իր ցանկությունից Էրդողանը զգում է հարկադրվածություն՝ սիրիացի գաղթականների խնդիրը վերահսկողության տակ առնելու մասով:
Որպես երրորդ պատճառ՝ Չաքըրն ընդգծում է, որ Էրդողանը ցանկանում է Սիրիայի հյուսիսում գտնվող և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Քրդական ինքնավար վարչակազմին» վնասազերծելու համար ունենալ Դամասկոսի կառավարության աջակցությունը, թույլտվությունը և նույնիսկ անմիջական մասնակցությունը:
Լրագրողը, որպես 4-րդ պատճառ, առաջ է քաշում Թուրքիայի նախագահի հերթական անձնական նկրտումը.
«Էրդողանը ցականում է, որ Սիրիայի վերակառուցման գործում տեղ ունենա Թուրքիան, առավելապես իշխանամերձ կապալառուները»:
Նման դիտարկումներից հետո Չաքըրը շեշտում է, որ Ասադի ձեռքն էլ ավելի ուժեղ է այս հարցում, ապա շարունակում. «Ինչպես երևում է, Էրդողանը հարկադրված է հաշտվել Ասադի հետ: Անկասկած է նաև այն, որ Ասադը Թուրքիայի պես երկրի հետ այլևս չի ցանկանալու մնալ թշնամի:
Թուրքիայի հովանավորությունը վայելող իսլամական խմբավորումներին վնասազերծող և Ռուսաստանի ու Իրանի աջակցությամբ երկրի մեծ մասը կրկին իր վերահսկողության տակ առնող Ասադն Էրդողանի պես շատ չի շտապում»: