«Գերիների հարցը «Խաղաղության պայմանագրում» ներառված չէ». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք գերիների հարցը «խաղաղության պայմանագրով» է լուծվելու, առհասարակ այդ հարցի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում, ասաց.
«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում, բոլոր հնարավոր տեղերում մենք այդ խոսակցությունները տանում ենք»։
Լրագրողն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ անձամբ այդ թեմայով բանակցո՞ւմ է, քանի որ նախկինում գերիների հետ կապված ասել էր, որ այդ թեման փակված է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե իբր «լրագրողը շատ հին» է։
«Ես այլ տրամաբանության մեջ եմ ասել, պետք չէ կոնտեքստից կտրել։ Եթե ՀՀ անվտանգության հարցը լինի ձեր հարցն էլ, իմ համար փակված կլինի, որովհետև նժարի վրա այլ բան է դրված լինելու։ Շատ վատ բան ես անում, որ տարիներ առաջ այդ փակ թեման էմոցիաների վրա փորձում ես սակարկել։ Կրկնում եմ՝ եթե լինի Հայաստանի հարցը, ու ասեն՝ Անիին ու ինձ՝ Ալենին, պետք է սպանել, ես այդ հարցը կդնեմ նժարին»,- խոսքն ուղղելով լրագրողին՝ ասաց Ալեն Սիմոնյանը։
Կրկին վերադառնալով գերիների մասին հարցին, Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ գերիների հարցը Խաղաղության պայմանագրում ներառված չէ, փոխարենը՝ ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են այլ անձանց և գերիներին վերադարձնել։
«Այս փուլում նրանք դա չեն կատարում, արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նոյեմբերի 9-ի հայտարությունից իրենց ստորագրությունը հետ կանչել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին գերիների հարցը քննարկվի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե կարծում է՝ նման քննարկումներ սկսելը դեռ վաղ է։
«Նախ մի բան ֆիքսենք, որ Ադրբեջանը չէ, որ հրավիրող կողմն է, դա ՄԱԿ-ի միջոցառումն է, որովհետև լուր տարածվեց, թե Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է այդ միջոցառմանը։ Սա մի քիչ աբսուրդային է, որովհետև հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է։
Նախ պետք է հասկանանք՝ մեր մասնակցությունը տեղի՞ն է, կամ արդյո՞ք դա տեղի կունենա Խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման պայմաններում, լավ կլինի, որ բոլորը մեկ տրամաբանության մեջ լինի»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



