Մի քանի անշարժ գույք, տպավորիչ դրամական միջոցներ, արժեթղթեր ու բաժնեմասեր․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի ուշագրավ դրվագները

2018-ի թավշյա-հեղափոխական իրադարձություններից հետո իր քաղաքական կարիերան բարելաված Տիգրան Խաչատրյանը, որը մի քանի նախարարություններ ղեկավարելուց հետո, ի վերջո, ստանձնեց Նիկոլ Փաշինյանի տեղակալի պաշտոնը, վերջերս դադարել է շատ խոսել։ Ի դեպ, Տիգրան Խաչատրյանի նշանակման օրից ներիշխանական շրջանակներում հայտնի էր, որ նրա բուն կուրատորը, «ասիչը» ՔՊ-ական գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է: Իհարկե, Սուքիասյանը, ըստ նույն խոսակցությունների, մի քանի նախարարների է իրենով արել, բայց այս նյութն այլ բանի մասին է:

Տիգրան Խաչատրյանը «շառից-փորձանքից հեռու» տարբերակով դադարել է պարզաբանել Փաշինյանի այս կամ այն մանվածապատ հայտարարությունը, հանրային կերպով չի փորձում փրկել իրավիճակներ՝ խոսելով տնտեսական բարելավումների ու աճերի մասին․ նա բավարարվում է պաշտոնական պարտականությունների կատարմամբ՝ միջոցառումներ, հերթապահ հաղորդագրություններ և այլն։ Բայց Տիգրան Խաչատրյանի փոխարեն՝ շարունակում են խոսել նրա ու նրա ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերը։

6 անշարժ գույք և տպավորիչ դրամական միջոցներ․ Տիգրան Խաչատրյանի հայտարարագիրը

Այսպիսով, 2024 թվականին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք՝ պաշտոնյան շարունակում է համատեղ սեփականության իրավունքով տնօրինել 6 անշարժ գույք․

Կարդացեք նաև

2007 թվականին Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գնված հողամասը,

2008 թվականին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում գնված այգետնակ- ամառանոցը,

2009 թվականին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գնված հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով,

2016 թվականին Երևանի Կենտրոն համայնքում գնված բնակարանը,

2019 թվականին դարձյալ Ջրվեժում գնված ավտոտնակն ու նույն տարում և նույն օրը գնված հողամասը։

2021 թվականին պաշտոնյան գնել է «Մազդա» մակնիշի մեքենա։

Նրա կողմից հայտարարագրված բանկային ավանդի չափը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել է 15 000 ԱՄՆ դոլար, իսկ տարեսկզբի՝ 20 456 դոլար և 5 400 000 դրամ բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը՝ 20 891 դոլար և 4 180 000 դրամ։

Փոխվարչապետի՝ տարեսկզբի 8500 դոլար կանխիկ գումարը տարեվերջին աճել է 1500 դոլարով։ Տիգրան Խաչատրյանի հաշվետու տարվա՝ 22,225,880.96 դրամ եկամուտն էլ գոյացել է հիմնականում Փաշինյանի աշխատակազմից ստացած 22,052,160 դրամ աշխատավարձից, մյուս՝ 448 դոլարի չափով գումարը տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է «Ամերիաբանկից»։

Տիգրան Խաչատրյանը նաև անդամակցում է «Տնօրենների հայկական ինստիտուտ» ՀԿ-ին։

Հայտարարատու պաշտոնատար անձը տեղեկացրել է նաև առևտրային կազմակերպություններում ընտանիքի անդամների մասնակցության մասին․ ըստ այդմ, նրա որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, «Ռեվոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ի 2.18% բաժնեմասն է տնօրինում և նույն ընկերության խորհրդի անդամ է, իսկ հարսը՝ Սյուզաննա Բաբաջանյանը, «ԿՈԴԵՈԳՌԱՄ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի տերն է։

Ի դեպ, երկու ընկերություններն էլ, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի համակարգի, գրանցվել են 2018 թվականի թավշյա-հեղափոխական իրադարձություններից հետո՝ 2019 և 2021 թվականներին։ Ավելին՝ փոխվարչապետի հարսի «Կոդեոգռամ»-ը հասցրել է նաև այս իշխանությունների կողմից տրվող պետական աջակցության շահառուն դառնալ և տեղ գտնել Կառավարության որոշմամբ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից օգտվող կազմակերպությունների ցանկում։

Տիգրան Խաչատրյանն իր հայտարարագրում նշել է ընտանիքի անդամների մասին տվյալները՝ կնոջ՝ Գոհար Խաչատրյանի, դստեր՝ Էլլա Խաչատրյանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գլխավոր մասնագետ որդու՝ Դավիթ Խաչատրյանի, մյուս որդու՝ ԱԿԲԱ բանկում բաժնի ղեկավար Մուշեղ Խաչատրյանի, Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանում որպես տնտեսագետ աշխատող հարսի՝ Սյուզաննա Բաբաջանյանի, և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ավագ մասնագետի պաշտոնը ստանձնած Էլեն Խաչատրյանի։

Մի քանի դրվագներ՝ նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ընտանիքի անդամների հայտարարագրերից

Տիգրան Խաչատրյանի կինը՝ Գոհար Խաչատրյանը, ի թիվս ամուսնու հայտարարագրած անշարժ գույքի՝ հայտարարագրել է նաև 2014 թվականին գնած «Սուզուկի» մակնիշի մեքենա, բանկային ավանդներ՝ շուրջ 36 հազար դոլարի չափով, ապա նաև՝ բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեվերջին ընդհանուր առմամբ կազմել են 2000 ԱՄՆ դոլար և 56 հազար դրամ։ Հաշվետու տարում նրա կանխիկ միջոցները կազմել են 200 հազար դրամ, իսկ 382 հազար 188.8 դրամ եկամուտը գոյացել է «Կոնվերս բանկի», «ԱԿԲԱ» բանկի, «Յունիբանկի», «Ինեկոբանկի» և «Ամերիա» բանկից՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից և այլ հատուցումներից։

Տիգրան Խաչատրյանի որդիներից Դավիթ Խաչատրյանը հայտարարագրել է 2019 թվականին գնած «Տոյոտա» մակնիշի մեքենա, բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեվերջին կազմել են 262 071 դրամ, իսկ տարեվերջին՝ 208 483 դրամ։ Հաշվետու տարվա՝ 6 միլիոն 252 479 դրամ եկամուտը գոյացել է ՊԵԿ-ից ստացած 1 941 894 դրամ և «ԿԱՍԿԱԴ ԷՆԵՐԳՈՊՐՈԳՐԵՍ»-ից ստացած 4,310,585 դրամ աշխատավարձերից։

Պաշոտնյայի մյուս որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, ուշագրավ դրվագներով ավելի հարուստ հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է 2015 թվականին գնած և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հողամասը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, իսկ հաշվետու տարում՝ 2023 թվականին արդեն նույն համայնքում գնել է անհատական բնակելի տունը` իր տնտեսական շինություններով։

Մուշեղ Խաչատրյանը 2021 թվականից ձեռք է բերել նաև «Լեքսիուս» մակնիշի մեքենա։ Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնյայի որդին 2019 թվականից մինչև 2023 թվականը տարբեր ընկերություններում հիմնականում գնել է բաժնեմասեր, բաժնետոմսեր, այդ թվում՝ Interactive Brokers LLC, «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս», AMX, իսկ 2021 և 2023 թվականներին «Ակբա» բանկից իբրև նվիրատվություն է ստացել բաժնետոմսեր։

Ի դեպ, այստեղ նկատենք, որ «ԱԿԲԱ» բանկը, որտեղից իբրև նվիրատվություն՝ բաժնետոմսեր է ստացել Խաչատրյան կրտսերը և «Ռեվոլուշնարի թեքնոլոջիս» ընկերությունը, որտեղ նա ձեռք է բերել բաժնեմաս, միմյանց հետ համագործակցում են տարբեր ձևաչափերով․ օրինակ, մամուլում հայտնվող REVYTECH բրենդի ներքո հանդես եկող «ԱԿԲԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ ՓԲԸ»-ն «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ» և «ՌԵՎՈԼՈՒՇՆԱՐԻ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ ՓԲ» ընկերությունների կողմից է հիմնադրվել:
Մուշեղ Խաչատրյանը հայտարարագրել է նաև բանկային ավանդ, որը տարեսկզբին կազմել է 39 հազար դոլար, իսկ տարեվերջին զրոյացվել է, ապա նաև բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեսկզբին կազմել են 4,250,883 դրամ, 54,729 դոլար և 38,000 եվրո, իսկ տարեվերջին՝ 1,542,942 դրամ, 67,206 դոլար և 71.3 եվրո։

Հայտարարագրված կրիպտոարժույթը՝ BTC, ETH, SOL, ATOM, XCH, տարեսկզբին կազմել է 8500 դոլար, տարեվերջին՝ 11.131 դոլար։

Տիգրան Խաչատրյանի որդու հաշվետու տարվա՝ 49 միլիոն 844,063.74 դրամ եկամուտն էլ գոյացել է՝ իր ձեռնարկատիրական գործունեությունից ստացած (Մուշեղ Խաչատրյան ԱՁ) $ 16,695 եկամուտից, AMX Բորսայից և ՊԵԿ-ից ստացած այլ եկամուտներից, «Ակբա ֆեդերացիա»-ից ստացած շահաբաժիններից և նվիրատվություններից, ինչպես նաև՝ «ԱԿԲԱ» բանկից ստացած 29 միլիոն 889,409 դրամ աշխատավարձից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ․ նա հայտարարագրել է ընդամենը 14,893,082.39 դրամ փոխառության մնացորդի չափ և 94,136,425 դրամ վարկի մայր գումարի չափ։ Հիփոթեքի առարկան բնակելի տան կառուցապատումն է եղել։ Հաշվետու տարում Մուշեղ Խաչատրյանը ուսման կամ դասընթացների համար վճարել է 9,694,250 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս