Ընդդիմադիրները համագործակցո՞ւմ են աղանդների հետ

«Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը գիտի, թե  քաղաքական որ ուժը Հայաստանում գործող որ կրոնական կազմակերպության միջոցով է արտերկրից ֆինանսավորում ստանում:

Նա պնդում է, որ այս ամենի վերաբերյալ փաստեր ունի, սակայն դրանք կհրապարակի, երբ քաղաքական իրավիճակը հանդարտվի, իսկ դա, ըստ Ալեքսանդր Ամարյանի հաշվարկների, կլինի մոտավորապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

«Մենք դա կտանք պրես-ռելիզով, երբ վերջնական իրավիճակը կհանդարտվի Հայաստանում, բայց այն, որ քաղաքական ուժերն ակտիվորեն համագործակցում են և բանակցություններ են տանում կրոնական կառույցների հետ, դա միանշանակ է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով, քաղաքական ուժերի համար շահավետ է համագործակցել կրոնական կազմակերպություն հետ, քանի որ նրանք ավելի հեշտ են կառավարում մասսային: Բավական է` հովիվը կոչ անի ընտրել այս թեկնածուի օգտին, և կրոնական համայնքը կենթարկվի, այն դեպքում, երբ ընտրակաշառք բաժանելու դեպքում նույն վստահությունը չկա:

Կարդացեք նաև

Ալեքսանդր Ամարյանը  շեշտեց, որ այն երկրներում, որտեղ կատարվել է  հեղափոխություն՝ լինի Ուկրաինան, Միջին Ասիայի պետություները, թե արաբական երկրները, ընդդիմությունը հեղափոխությունն իրականացրել է  կրոնական կազմակերպությունների ֆինանսավորմամբ:

168.am-ի այն հարցին, թե հայաստանյան ուժերի վերաբերյալ ունեցած փաստերն առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն են վերաբերում` իբրև ընդդիմության այս պահի առաջնորդ, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց. «Ես դեռ այն ժամանակ էլ, մինչ այսօրվա ասուլիսն ասել եմ, որ մեր թեկնածուներից մեկն ակտիվորեն համագործակցում է կրոնական կառույցներից մեկի հետ, բայց այս պահին մենք անուններ չեն տալու»:

Ալեքսանդր Ամարյանից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք իշխանամետ ուժերը ևս համագործակցում են աղանդների հետ` դրսից ֆինանսավորվելու ակնկալիքով:  Բանախոսի պատասխանն այսպիսին էր. «Ցավոք, թե ոնց՝ մեր իշխանամետ ուժերն այնքան վստահ են իրենց վրա, որ այդպիսի մանրուքներով չեն զբաղվում: Երբ իրենք լինեին ընդդիմադիր, միանշանակ իրենք էլ կարող  էի գնալ համագործակցության»:

Տեսանյութեր

Լրահոս