Բաժիններ՝

Ալեն Դելոնի ընտանիքը մտադիր է գաղտնի պահել դերասանի հուղարկավորության մանրամասները

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի ընտանիքը ցանկանում է գաղտնի պահել դերասանի հուղարկավորության արարողության մանրամասները՝ տեղեկատվություն չտարածելով լայն հանրության համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Դուշի-Մոնկորբոն կոմունայի քաղաքային վարչությունում։

Հենց այս կոմունայում է տեղի ունենալու դերասանի հուղարկավորությունը։«Ընտանիքի խնդրանքով, հուղարկավորության մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվի: Քաղաքապետարանը մտադիր է հարգել պարոն Դելոնի ընտանիքի ցանկությունները», – գործակալությանը հայտնել է քաղաքապետարանի վարչական օգնական Աստրիդ Էչարը:

Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հաղորդել էր, որ դերասանին, իր կամքի համաձայն, այս շաբաթ կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուշի կոմունայում՝ այն կալվածքում, որտեղ նա ապրել է, և որտեղ թաղված են նրա մի քանի տասնյակ շները։

Արարողության ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Հաղորդվում է, որ արտիստը չի ցանկացել շքեղ հուղարկավորություն և դեմ է եղել այս առիթով ցանկացած խոշոր միջոցառման։

Չնայած դրան, հնարավոր է, որ հանրային արարողություն անցկացվի այն բոլոր գործընկեր դերասանների մասնակցությամբ, որոնք կցանկանան հարգանքի վերջին տուրքը մատուցել Դելոնին։Կինոյի լեգենդ Ալեն Դելոնը վախճանվել է օգոստոսի 18-ին՝ 88 տարեկանում։Թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեն Դելոնն առավել մեծ ճանաչում է ստացել շնորհիվ իր դերերի, որոնք խաղացել է «Ռոկոն և նրա եղբայրները» (1960 թ.), «Պայծառ արևի տակ» (1960 թ.), «Սամուրայ» (1967 թ.), «Երկուսը քաղաքում» (1973 թ.) ֆիլմերում։

Ալեն Դելոնը «Սեզար» մրցանակի դափնեկիր է «Մեր պատմությունը» ֆիլմի համար և Բեռլինի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակի դափնեկիր։ 2019 թվականին Կաննի կինոփառատոնում նա պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիր դարձավ կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։

Որպես դերասան՝  հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։

Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ կերպարով:

Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս