Առաջնահերթ ուշադրություն կհատկացնենք հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նախագահ

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է աշխարհին՝ նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարեւան երկրների հետ հարաբերություններին։

Իրանի նախագահի ուղերձը հրապարակվել է Tehran Times-ի էջերում։

«Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի եւ գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարեւան եւ եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի եւ միմյանց անհիմն զսպելու վրա։ Դրա փոխարեն մենք կձգտենք ստեղծել պայմաններ, որոնցում մեր ռեսուրսները կուղղվեն տարածաշրջանի զարգացմանը եւ առաջընթացին՝ ի բարօրություն բոլորի»,- նշել է նա իր ուղերձում։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանն ակնկալում է համագործակցել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ տնտեսական կապերի խորացման, առեւտրային հարաբերությունների ամրապնդման, համատեղ ներդրումների խթանման, ընդհանուր խնդիրների լուծման եւ երկխոսության համար տարածաշրջանային հիմք ստեղծելու, վստահության եւ զարգացման ամրապնդման նպատակով։

«Մեր տարածաշրջանը շատ երկար է տառապել պատերազմներից, միջդավանաբանական հակամարտություններից, ահաբեկչությունից եւ ծայրահեղականությունից, թմրավաճառքից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակա միջացվայրի դեգրադացիայից եւ օտարերկրյա միջամտությունից։ Եկել է այդ ընդհանուր խնդիրները ի բարօրություն ապագա սերունդների լուծելու ժամանակը; Համագործակցությունը լինելու է մեր արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունքը»,- նշել է Իրանի նախագահն իր ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս